Վլ. Կարապետյանը ուշադրություն է հրավիրում Տուսկի հայտարարության վրա
Թուրքական իշխանությունները կօգտվեն այդ երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձից եւ ավելի կոշտ միջոցներ կձեռնարկեն ընդդիմության նկատմամբ. «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում ասաց Ազգային Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը. «Բռնապետական ռեժիմը լրացուցիչ առիթներ կստանա, այս իրադարձություններից հետո»: Հայաստանի կամ տարածաշրջանի վրա ուղղակի ազդեցություն պարոն Կարապետյանը չի տեսնում. «Հայ-թուրքական հարաբերություններում ես որեւէ զարգացում չեմ տեսնում, չեմ պատկերացնում, այսպես թե այնպես մենք չունեինք որեւէ հարաբերություն եւ որեւէ փոփոխություն չեմ էլ ակնկալում»: Վլադիմիր Կարապետյանը հորդորում է ուշադրություն դարձնել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հայտարարությանը, թե Թուրքիայում հեղաշրջման փորձի հետևանքները որոշիչ նշանակություն կունենան ընդհանուր առմամբ տարածաշրջանի և ԵՄ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների համար. «Այդ առումով բոլորը ուշի ուշով կհետեւեն, թե ինչ տեղի կունենա հիմա Թուրքիայում: Ամեն ինչ կախված է, թե ինչ միջոցներ կձեռնարկի այդ երկրի իշխանությունը, եւ Թուրքիայի գործընկերները հենց դրա վրա ուշադրություն կդարձնեն»: