Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դեռևս դժվար է ասել՝ հեղաշրջման փորձ անողների հետևում ով էր կանգնած»

Քաղաքականություն
turk2

«Ընդհանրապես Էրդողանի կառավարման ողջ տարիներին էլ ռազմական հեղաշրջման վտանգը մշտապես եղել է և այդ պարզ պատճառով էլ Էրդողանը   մշտապես փորձել է չեզոքացնել թուրքական ռազմական ղեկավարության քաղաքականության վրա ազդեցությունը ՝ հաշվի առնելով այն, որ իր քաղաքական գիծը սկզբունքորեն տարբեր է քեմալական աշխարհի դիրքերը պաշտպանող զինվորականների գաղափարախոսությունից, քաղաքական գծից։ Այսինքն Էրդողանը նախընտրում է ավելի իսլամամետ քաղաքականություն վարել, իսկ զինվորականները Թուրքիայում համարվում են աշխարհիկ հիմքերի պաշտպաններ»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը՝ խոսելով Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի մասին։ Վերջինս տեղի ունեցածը անսպասելի չի համարում՝  վկայակոչելով այն հանգամանքը, որ նախկինում էլ հեղաշրջման փորձերի մասին տեղեկություններ եղել են, որոնք սակայն չեն հասել այն մակարդակին, ինչը որ երեկ էր։ Թուրքագետի համար անսպասելին միայն այն էր, որ դա տեղի ունեցավ հենց երեկ, քանի որ Էրդողանի կառավարման օրոք  Թուրքիայում խառնակ շրջանները շատ են եղել։ «Հիշենք Գեզիի դեպքերը, գյուլլենականների հետ պայքարը, թուրք-քրդական բախումները, որոնք ներքին իրավիճակի համար ավելի հարմար էին, որպեսզի թուրքական զինվորականության որոշ մասը, որը ուզում էր Էրդողանի հեռացումը, գործի անցներ։ Այդ ժամանակ ավելի սպասելի էր նման բան, քան հիմա, ուստի այսպես փորձեցին օգտվել առիթից»,-ասաց թուրքագետը՝ միևնույն ժամանակ նկատելով, որ նրանք իրենց հաշվարկների մեջ սխալվել են։ Այս համատեքստում Գևորգ Պետրոսյանը կարևորեց  նաև մի հանգամանք։ Այն է, որ այս հեղաշրջման փորձը ցույց տվեց , որ Թուրքիայի ԶՈՒ-ի շրջանում՝ Էրդողանի կառավարման վերաբերյալ  միակարծություն չկա։ «Սա ոչ թե թուրքական բանակն է ներկայացնում, թուրքական զինվորականությունն է ամբողջապես ներկայացնում, այլ մի ինչ-որ խմբավորման, զինվորականության որոշ հատվածի, որը փորձեց հեղաշրջման գնով հասնել Էրդողանի հրաժարականին։ Հակառակ դրան՝ տեսանք, որ շատ բարձրաստիճան սպաներ հրաժարվեցին այս նախաձեռնությանը միանալ և հայտարարեցին, որ հեղաշրջման փորձի հետ որևէ առնչություն չունեն»։ Վերոնշյալից ելնելով էլ թուրքագետը հանգել է կարևոր և ելակետային եզրակացության , այն է՝ « Էրդողանը հասարակության շրջանում վայելում է աջակցություն, որքան էլ որ նրան մեղադրեն ավտորիտար ռեժիմ կառուցելու մեջ։ Իհարկե, նա ունի նաև ընդդիմադիրների լայն զանգված, սակայն հասարակության  լայն հատվածը պատրաստ է Էրդողանի համար փողոց դուրս գալ։ Երկրորդն էլ ՝ սա ցույց տվեց, որ ներքին ասպարեզում իր համար  հիմնական հակառակորդների կազմում ՝ թուրքական ԶՈՒ-ի  կազմի մեջ Էրդողանը կարողացել է դաշնակիցներ կամ իրենց հավատարիմ կադրեր ունենալ»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտոնական Անկարան, մասնավորապես Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ստեղծված իրավիճակի մեջ մեղադրում էր Էրդողանի այժմյան գլխավոր հակառակորդ, ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլլենին։ Թեպետ  վերջինս ավելի վաղ հերքել է իր մասնակցությունը հեղաշրջում կազմակերպելու մեջ , սակայն թուրքագետը   Ֆեթուլլահ Գյուլլենի ներգրավվածությունը չի բացառում, սակայն շեշտում է, որ դեռևս այնքան փաստեր ու բավարար չափի նյութեր չկան, որպեսզի այս ուղղությամբ հստակ անուններ  պնդի. «Հավանականությունը չեմ բացառում։  Առայժմ ուղղակի այդպես կարող եմ մեկնաբանել։ Իհարկե, իրականացնողը եղել է թուրքական ԶՈւ-ի մի հատված, բայց թե ինչ ուժեր են նրանց հետևում կանգնած եղել , ինչ գաղափարական ազդեցության ներքո են նրանք դա արել, ինչպիսի ներքին և արտաքին գործոններ են ազդել, դրա  մասին խոսելը դեռևս վաղ է՝ ավելի շատ նյութեր են պետք ՝ ճիշտ գնահատականներ տալու կամ ճիշտ մարդկանց մեղադրելու համար. Նման իրավիճակներում 100%-անոց պնդումներ անելը բավական բարդ է»,-նշեց Գևորգ Պետրոսյանը։ Հաշվի առնելով մինչ այս տեղի ունեցող զարգացումները՝ թուրքագետը կարծիք հայտնեց, որ սա Էրդողանը կարող է ծառայեցնել իր իշխանությունն ավելի ամրապնդելու համար. «Մանավանդ որ ռազմական հեղաշրջման փորձի դեմ հանդես էին գալիս նաև Էրդողանի սուր քննադատները»։