«Մենք հարկադրված ենք ստեղծել հայկական ցանցային կայսրություն» (տեսանյութ)
ԼՂՀ հիմնահարցի արդի փուլում մարտահրավերներն ու վտանգները թեմայով կլոր-սեղան քննարկման ժամանակ «Վերելք» քաղաքական ուսումնասիրությունների հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը նշեց, որ եթե հիմա մենք արմատական փոփոխություններ չանենք և տարածքային պահանջ չդրվի, ապա մի որոշ ժամանակ անց մենք այս տարածքները զիջելու ենք։ «Եթե նայենք վերջին 25 տարվա դինամիկան, ապա կտեսնենք,թե ինչ չափով ենք մենք ավերում ինքներս մեր երկիրը և ինչպես ենք մարդկանց հարկադրում, որ հեռանան և ինչպես է Ադրբեջանն իր կրակոցներով փորձում հյուծել մեզ՝ վստահ լինելով, որ մենք չունենք այդ տնտեսական հնարավորությունները, որ համարժեք հակահարվածներ տանք։ Նման պարագայում մի որոշ ժամանակ հետո մեր այս պետությունը չի լինի, մարդիկ կդատարկվեն և ադրբեջանցիներն ընդամենը իրենց ոչխարի հոտերով կարող են գալ առաջ։ Մենք նաև այս պրոբլեմի առաջ ենք կանգնած և այս խնդիրը պետք է լուծենք՝ իմանալով, որ կա այդ վտանգը»,-շեշտեց Արծրուն Պեպանյանը։ Վերջինիս խոսքերով՝ եթե համեմատականներ անցկացնենք մեր և հակառակորդի հնարավորությունների միջև, կտեսնենք, որ այդ պատկերը շատ տխուր է։ Նա կարևոր խնդիր է համարում այն, թե ինչու 25 տարվա անկախ Հայաստանի պատմության մեջ մեր երկիրը հզորանալու փոխարեն, հակառակ ուղղությամբ է ընթանում։ «Մեր պրոբլեմն այն է, որ մենք մեր սեփական պատմությունը և այն երևույթները, որոնք որոշում են ժողովրդի վարքը , դրանք չենք ճանաչում»,-նկատեց նա։ Պարոն Պեպանյանի կարծիքով՝ Հայաստանն այսօր որևէ մեկին չի կարող օգնել, քանզի հենց ինքն է շատ երկրների համար բեռ դարձել, այդ իսկ պատճառով էլ Հայաստանի հետ վարվում են այնպես, ինչպես որ վարվում են։ Այս համատեքստում նա նաև հավելում է. «Մենք ունենք պոտենցիալ՝ ֆինանսական, մարդկային ռեսուրսային, դառնալ խաղացող համաշխարհային մակարդակի, բայց մեզ խփում են, մեզ ապտակում են, մեր իշխանավորներն էլ ժողովրդի հետ միասին գլուխը բռնել են, որ այնքան խփեն, որ հոգնեն ու էդ մի կտոր տեղը թողեն, որ մենք այդտեղ ապրենք։ Մենք ունենք պոտենցիալ աշխարհի հզորներից մեկը դառնալու, բայց մենք հիմա աշխարհի խեղճն ենք»։