Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոչնչացավ անվտանգության գիտակցության միֆը» (տեսանյութ)

Քաղաքականություն
arshakyan

ԳՄ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն անընդունելի է համարում «Սասնա Ծռեր» ջոկատի երեկվա գործողությունները: Նրա խոսքով՝ ջոկատի մտադրությունների մասին վաղուց հայտնի էր, բայց ինչու՞ պատկան մարմինները որեւէ քայլ չեն ձեռնարկել. «Գործը չպետք է հասներ դրան, մի քանի հոգի զինված գրավել են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներից մեկը, դա նշանակում է շատ լուրջ բացթողումներ են եղել: Ոչնչացավ անվտանգության գիտակցության միֆը: Մեզ թվում էր, թե ունենք գերհզոր բանակ, որ որտեղ ուզենք, այնտեղ էլ թեյ կխմենք, բայց ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ կոռուպցիան, ամենաթողությունը կազմաքանդել, թուլացրել են մեր բանակը, միայն աձնակազմի անձնազոհության եւ հայրենասիրության շնորհիվ խուսափեցինք ծանր պարտությունից: Մեզ թվում էր՝ գոնե թիկունքից ենք ապահով, բայց պարզվեց, որ ոչ: Մի քանի հոգի, կարեւոր չէ, թե ինչ դրդապատճառներով, զինաթափել է, շարքից հանել մեր անվտանգությունն ապահովող  ՀՀ ԶՈՒ մի ստորաբաժանում: Կարծում եմ, որ սա չափազանց ծանր հարված էր մեր պետականությանը»,-ասաց նա։ Ազատ Արշակյանը կարծում է, որ ապստամբների հետ իշխանությունը կարող էր բանակցել միայն այն դեպքում, եթե մարդ չսպանվեր, բայց քանի որ կա զոհ, ապա նրանց հետ պետք է խոսել միայն հանձնվելու մասին: Ասուլիսին ներկա՝ ճարտարապետ Ֆերդինանդ Առաքելյանը նույնպես դեմ է պայքարի նման տարբերակին։ Նա իշխանություններին հորդորում է վերցնել զենքը ժողովրդի ձեռքից. «Այդ զենքը մեկ անգամ էլ կրակի, արդեն ողբերգություն է»,-նշեց նա։