Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սա կարող է տանել քաղաքացիական պատերազմի». Ռուբեն Բաբայան (տեսանյութ)

Քաղաքականություն
index

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին «Սասնա Ծռեր» խմբավորման գործողությունները մտածելու առիթ են  տվել։ «Այն, ինչ աշխարհի համար անընդունելի է, մեզ համար գովելի է: Համաշխարհային ահաբեկչության ֆոնին այս գործողությունները նույնպես դիտարկվում են որպես ահաբեկչություն, սակայն մեզ մոտ դա դրսուորվում է որպես հայրենասիրական քայլ, ինչպես, օրինակ, Սողոմոն Թեհլերյանի արարքը, սակայն մենք չպետք է նույն կերպ մտածենք այսօր»: Գրողների միության նախագահը ապստամբներին կոչ արեց, որ խելամիտ լինեն, հանձնեն զենքերը՝ չվտանգելով ոչ իրենց, ոչ այլոց կյանքը: Ասուլիսին ներկա՝ Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էլ նշեց, որ մենք հաճախ պայքարում ենք հետեւանքների դեմ, փորձում ճնշել դրանք, բայց եթե պատճառները չենք վերացնում, միշտ այդ սպառնալիքը կա, առավել եւս՝ երբ ագրեսիվությունը հասարակության մեջ դնում է իր արմատները: Ռուբեն Բաբայանը չի կարող արդարացնել տղաների արարքը, քանի որ արդյունքում մարդ է սպանվել։ «Մարտի 1-ը արյան սահմանն էր, որն անցավ իշխանությունը: Ժամանակն է, որ կարմիր գծից հետ կանգնենք, մարդասպանությունը հարց չի լուծում, ամենապայծառ, ամենահրաշալի գաղափարը որեւէ նշանակություն չունի, եթե այնտեղ մարդ պետք է զոհվի: Չի կարելի բերել այս եզրին հասցնել: Երբ կատվին անկյուն ես տանում, հետո չպետք է զայրանաս, որ նա ճանկում է քեզ: Երկրում պետք է ժողովրդավարական փոփոխություններ լինեն,  իշխանափոխություն կատարվի, որպեզի որեւէ մեկը իրավունք չունենա ասել՝ բոլոր ճանապարհները փակ են»,-նշեց նա՝ հավելելով, որ վատ կանխատեսումներ ունի, թե այս ամենը կարող է տանել քաղաքացիական պատերազմի: Տիկնիկային թատրոնի տնօրենը նշում է, որ եթե տղաները զենքով պահանջում են ազատել Ժիրայր Սեֆիլյանին, ում կալանավորել են զենք պահելու համար, ապա հաստատում են նրա մեղադրանքը: «Պետք է տղաներին հասկացնել, որ մենք չենք ուզում նրանց ընկալել որպես ահաբեկիչ, նրանք շատ գործ ունեն անելու որպես հայրենասեր, որպես զինվոր, բայց այս քայլը սխալ է, որեւէ բան սրանով չեն փոխելու: Որեւէ իշխանություն, որը կենթարկվեր նման պահանջի, իրավունք չուներ այլեւս մի օր մնալ իշխանության գլուխ, որովհետեւ վաղը մյուսը օրը սա կոգեւորեր այլոց»: