Ստիպել են ոստիկանի կոշիկները համբուրել (տեսանյութ)
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը ճշգրիտ թվեր չունի, թե այս երկու օրերի ընթացքում քանի ակտիվիստ է բերման ենթարկվել, սակայն մոտավոր հաշվարկով միայն Երեւանում նրանց թիվը հասնում է մինչեւ 200-ի: Նա ընդգծեց, որ քաղաքացիներին տարել են ոչ թե ոստիկանական բաժանմունք, այլ ոստիկանության զորքերի զորամասեր, ինչը բոլորովին նոր պրակտիկա է. «Այն ակտիվիստները, ում հանդեպ ոստիկանները, այսպես ասած, հին հաշիվներ ունեին, ծեծի են ենթարկվել զորամասեր տանելու ճանապարհին: Երեկ Ազատության հրապարակից բերման են ենթարկել նաեւ Դավիթ Սանասարյանին: Նրան խոշտանգել են, ծեծել, ստիպել ոստիկանների կոշիկները համբուրել: Դավիթաշենի զորամասում նրան այնքան են ծեծել, որ գիտակցությունը կորցրել է, ուղեղի ցնցում ստացել»,-պատմեց նա՝ նշելով, որ Դավիթին եւ մյուս ծեծված ակտիվիստներին տարել են Հանրապետական հիվանդանոց: «Ես խոսել եմ Դավիթի հետ, նա պատմեց, որ առաջին հարվածը ստացել է մեքենա նստելուց անմիջապես հետո: Ընթացքում էլ պարբերաբար ծեծել են, հետո երբ ոստիկանները հավանաբար ձանձրացել են ծեծելուց, սկսել են խոշտանգման այլ եղանակներ կիրառել՝ թքել են նրանց վրա, կոշիկները դեմ տվել, որ համբուրեն եւ այլն»,-ասաց Իոաննիսյանը՝ նշելով, որ նման քայլով ոստիկաններն իրենք են տեռորի ենթարկում հասարակությանը: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանն էլ նշեց, որ հիմնականում բերման էին ենթարկում այն անձանց, ովքեր կարող էին քաղաքացիական ընդվզման փորձ անել: Ասուլիսին ներկա՝ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Կարագյոզյանն այս երեք օրերին եղել է ոստիկանության բաժիններում: Նրա խոսքով՝ առաջին օրը որեւէ փաստաբանի թույլ չեն տվել տեսակցել բերման ենթարկվածների հետ: «Որեւէ իրավական հիմք չի մատնանշվում, թե ինչու փաստաբանը չի կարող տեսնել իր պաշտպանյալին, միայն ասում էին, որ ոչ մի փաստաբան չպետք է մուտք գործի: Ինը ժամ անազատության մեջ, սոված, առանց ջրի պահել են քաղաքացիներին, ինչը անմարդկային եւ դաժան վերաբերմունք է: Անգամ ձեռնաշղթաները չեն հանել»,-նշեց նա: Իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները կարծում է, որ ոստիկանությունն այս օրերին մարդկանց ոչ թե բերման է ենթարկել, այլ առեւանգել: