Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռերի» գործողություններում ահաբեկչության հանցակազմ չկա. փաստաբան

Քաղաքականություն
media

Այսօր Մեդիա Կենտրոնում իրավական ոլորտի ներկայացուցիչները փորձեցին իրավական գնահատական տալ  «Սասնա ծռեր» խմբավորման գործողություններին: Քննարկմանը ներկա փաստաբան Տիգրան Եգորյանն անընդունելի է համարում ԱԱԾ-ի եւ պաշտոնյաների կողմից տղաներին ահաբեկիչ անվանելը. «Դա ոչ միայն պրոֆեսիոնալ չէ, այլեւ «Սասնա ծռեր» խմբի տղաների իրավունքի խախտում:  Այդ հայտարարությունները ոչ մի կերպ չեն նպաստում իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը, ցույց չի տալիս այդ ուղղությամբ տարվող աշխատանքների ցանկությունը,  այլ հակառակը՝ ստեղծում են նախատրամադրվածություն»,-նշեց նա: Փաստաբանը նկատեց նաեւ, որ ահաբեկչության հանցակազմն ապացուցված չէ. «Այսօր հանրությանը հայտնի որեւէ փաստ չկա, որը կարող է ամբողջականացնել ահաբեկչության հանցակազմը: Այդ հանցակազմի հիմնական բաղադրիչներ են քաղաքացիական անձանց կյանքին կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու հանգամանքը, ինչպես նաեւ զինված ընդհարմանը ակտիվորեն չմասնակցող անձանց նկատմամբ գործողությունները, որոնք այս պահին չեն հաստատվել, հետեւաբար՝ այս արարքները հնարավոր չէ որակել որպես ահաբեկչություն: Բացի այդ, կասկածի տակ է նաեւ շենքեր, շինություններ զավթելու հանցակազմը: Սեւով սպիտակի վրա գրված է, որ բացառապես շենքերը ոչնչացնելու սպառնալիքն է ամբողջացնում այդ հանցակազմը, բայց  նման սպառնալիք չի հնչել»,-ասաց նա: Փաստաբան Արա Զաքարյանի կարծիքով էլ՝ պետությունը պարտավոր էր զերծ մնալ   «Սասնա ծռեր» խմբի անդամներին որակումներ տալուց՝ պահպանելով անմեղության կանխավարկածը: Նրա կարծիքով՝ նման որակումներից հետո հնարավոր չէ օբյեկտիվ, անկողմնակալ, բազմակողմանի քննությունը: Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի խոսքով էլ՝ բոլորն էլ հասկանում են, որ տղաների արարքը քաղաքական գործընթացների արդյունք է: «Հետեւելով միջազգային նորություններին, այսպիսի ձեւակերպում տեսա, որ ժողովուրդը դուրս է եկել փողոց՝  որպես տարածքը գրավողների կողմնակից, դուրս է եկել նրանց պաշտպանելու: Սա արդեն այսօրվա քաղաքական իշխանության գնահատականն է, այսինքն՝ ժողովուրդը կողմ է զինված գործողություններին, որովհետեւ այլ ելք չկա»,- նշեց նա: