A
A
Իշխանություններին հարկավոր է հեղինակազրկված ապստամբ. ԺՈՒԿ հայտարարությունը
Վերջին օրերին մայրաքաղաքում ստեղծված ռազմական, քաղաքական լարվածության և քաղաքացիների իրավունքների կոպիտ ոտնահարման կապակցությամբ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության վարչությունը արձանագրում, հայտարարում և պահանջում է.
- Քաղաքական իրավիճակի փոփոխության իրավական հիմնավորմամբ Հայաստանի Հանրապետության Նախագահից պահանջում ենք՝ որոշմամբ ազատ արձակել քաղբանտարկյալներ՝ Ժիրայր Սեֆիլյանին, Շանթ Հարությունյանին և մյուսներին:
- Զինված ապստամբության միջոցով ՛՛Սասնա ծռեր՛՛ ռազմական խմբի կողմից իշխանություններին ներկայացված պահանջները համարելով իրատես, խուսափելով քաղաքացիական ընդվզումը քաղաքացիական պատերազմի վերաճելու վտանգից, որը կուղեկցվի բազմաթիվ մարդկային զոհերով, Հայաստանի Հանրապետության Նախագահից պահանջում ենք՝ դրսևորել սառը դատողություն ու ողջամտություն և կատարել ապստամբների պահանջն, այն է՝ ժողովրդին դիմել հրաժարականի ուղերձով:
- Քաղաքացիների նկատմամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից յուրաքանչյուր դրվագով ապօրինի ու անհամաչափ բիրտ ուժի կիրառումը համարելով ՀՀ ոստիկանապետի ուղիղ հրահանգ ու առանձին-առանձին հրամանների արդյունք, խուսափելով զարգացումների ՛՛բեռկուտյան՛՛ սցենարից, պահանջում ենք՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի անհապաղ հրաժարականը:
- Քաղաքացիների շրջանում սուտ լուրեր տարածելով հասարակությանը մոլորության մեջ գցելու անթույլատրելի գործելաոճ իրականացնելու, ինչպես նաև ՛՛ջուրը պղտորող՛՛ պաշտոնական հայտարարություններ կատարելու միջոցով քաղաքական իշխանություններին սպասարկելու և հասարակությանը մարգինալացնելու ու վերջինիս ռամիկի կարգավիճակով դիտարկելու գործելաոճով պայմանավորված, պահանջում ենք՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի անհապաղ հրաժարականը:
- Իշխանություններին անհաճո քաղաքական ու հասարակական գործիչների նկատմամբ քրեական գործեր հարուցելու, ձերբակալելու ու հետապնդում իրականացնելու արատավոր գործառույթ նախաձեռնելու և իրականացնելու փաստով, պահանջում ենք՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի, քննչական կոմիտեի նախագահի և հատուկ քննչական ծառայության պետի անհապաղ հրաժարականները:
- Պետական կառավարման համակարգի բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով մյուս պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանցից, ինչպես նաև պետական ծառայողներից, պահանջում ենք՝ շարունակել պատշաճ իրականացնել իրենց ծառայողական պարտականությունները, վաստակելով այն աշխատավարձը, որը հասարակությունը վերջիններիս վարձատրում է: