«Արևիկ» ազգային պարկի հրդեհը մարվել է
Հուլիսի 17-ին, ժամը 05.10-ին ՀՀ Սյունիքի մարզի Արաքսաշեն գյուղի հարակից հանդամասում հրդեհ էր բռնկվել: Այրվել էր մոտ 12 հա անտառային տարածք և հրդեհի գոտին մոտենում էր «Արևիկ» ազգային պարկի սահմաններին: ՀՀ բնապահպանության նախարարության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանումների և ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարար ջոկատների աշխատակիցներն իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ: «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցները հրդեհաշիջման աշխատանքներին զուգահեռ ազգային պարկի սահմաններին կատարել են հակահրդեհային կանխարգելիչ աշխատանքներ և հերթապահություն իրականացրել: Հրդեհը հաջողվել է մեկուսացնել հուլիսի 20-ի առավոտյան ժամը 08.20-ին և մարել՝ 08.40-ին: Այս մասին հայտնում է Բնապահպանության նախարարությունը։ Հիշեցնենք, «Արևիկ» ազգային պարկի տարածքում հուլիսի 13-ից հրդեհներ են բռնկվում։