Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նամակ «Կոշ»-ից՝ Օբամային

Քաղաքականություն
AMN-namak

«Շանթ եւ ընկերներ» քրեական գործով անցնող Ալեք Պողոսյանի կինը՝ Մանե Մնացականյանն իր հինգ երեխաների հետ միասին եւ «Շանթ եւ ազատություն» հիմնադրամի ղեկավար Ֆելիքս Հայրապետյանի ուղեկցությամբ այսօր ԱՄՆ դեսպանատանը հանձնեց նամակ՝ ուղղված Նահանգների նախագահ Բարաք Օբամային: Նամակը գրել է Ալեք Պողոսյանը «Կոշ» ՔԿՀ-ից եւ լիազոր կնոջը՝ այն հանձնել ԱՄՆ դեսպանատուն: «Ա1+»-ի հետ զրույցում տիկին Մնացականյանն ընթերցեց նամակը, որտեղ մասնավորապես ասված էր. «Ես համոզված եմ՝ մոտենում է այն պահը, երբ ՀՀ-ն կվերադառնա ժողովրդավարական արժեքներով ապրող մեծ ընտանիք: ՀՀ ապագան այլընտրանք չունի: Պարոն նախագահ, ձեզ դիմում եմ որպես ողջ աշխարհի ժողովրդավարության հենասյուն հանդիսացող, համամարդկային արժեքներ կրող առաջնորդի, խնդրում եմ ձեզ հայ ժողովրդի համար այս օրհասական օրերին լինել մեր կողքին, անել առավելագույնը, որպեսզի ՌԴ-ն չխառնվի ՀՀ ներքին կյանքին, օրինակ՝ ուղղակի կամ անուղղակի Ադրբեջանին հրահրելով պատերազմել ՀՀ կամ ԼՂՀ դեմ»: Իսկ Ֆելիքս Հայրապետյանը պատճառաբանեց, թե ինչու են եկել հենց ԱՄՆ դեսպանատուն: Ըստ նրա՝ իրենց միակ հույսն ու ակնկալիքը ԱՄՆ-ն է դարձել. «Որքան հիշում եմ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս հայտարարեց, որ աշխարհի ամենահզոր երկիրը ԱՄՆ-ն է, դե մենք էլ ճիշտ հասցեով ենք եկել: Այս օրերին Երեւանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին լուրեր են շրջանառվում, որ մեր հավերժ բարեկամ ՌԴ-ն ինչ-որ քայլերի է պատրաստվում դիմել, իսկ դա ամենատհաճ ու սարսափելի բանը կլիներ այս իրավիճակում»: Ֆելիքս Հայրապետյանն ընդգծում է՝ Ալեք Պողոսյանն իր անձի վերաբերյալ ոչ մի տող չի նշել ԱՄՆ նախագահին ուղղված նամակում, այլ իր մտահոգություններն է միայն շարադրել երկրում առկա իրավիճակի վերաբերյալ. «Նրան անգամ առաջարկություններ են եղել՝ դիմի Սերժ Սարգսյանին՝ ներում շնորհելու համար, նա հրաժարվել է, քանի որ ինքը ոչ ավազակ է, ոչ էլ հանցագործ, այլ գաղափարի մարդ է»: Նամակը նրանք հանձնեցին դեսպանատան նամակների բաժին, որտեղից նրանց հավաստիացրին, որ այն մակագրվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի անունով: