Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԹԱՓՈՆՆԵՐԸ ԹՈՒՆԱՎՈՐԵԼ ԵՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՀՈՂԸ

Մարզեր

«Դինե գոլդ մայնինգ քամփնիի»` նախկին Կապանի լեռնահարստացման կոմբինատի, թափոնները Սյունիք գյուղը վերածում են անապատի ու ճահճի, իսկ մարզի բնապահպանության տարածքային բաժնի աշխատակիցները ոչինչ չեն ձեռնարկում այդ ուղղությամբ` էկոլոգիական աղետը կանխելու համար:

Սյունիքի մարզի բնապահպանության բաժնի պետ Լեւոն Պետրոսյանը կա'մ հրաժարվում է այս մասին խոսելուց, կա'մ էլ նշում է, թե վնասակար ոչինչ չկա: Նա չի փորձում նույնիսկ ընդունելի բացատրություն գտնել, թե նշված տարածքում ինչու են չորանում ծառերը:

Մարզպետարանից խնդրի վերաբերյալ արձագանքել են վերջերս, երբ տեղական «Սոսի» հեռուստատեսությամբ ցուցադրվեց կործանվող Սյունիք գյուղի կադրերը: Ցուցադրվածը հիմք չհանդիսացավ մարզպետարանի աշխատակիցների համար, որպեսզի նրանք հետաքննեն եւ ուսումնասիրեն իրավիճակը. փոխարենը նրանք մեղադրեցին «Սոսի» հեռուստաընկերությանը` ասելով, որ ցուցադրված կադրերը նկարահանվել են երեք տարի առաջ: Ի դեպ, դեռ երեք տարի առաջ գյուղի ցուցադրված տարածքը նոր էր սկսում ամայանալ, իսկ այսօր գյուղացիների մշակած հողատարածքներն ու մրգատու ծառերն ամբողջությամբ ոչնչացել են:

Մարզի հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը նույնպես զբաղվում է այս հարցով: Լաբորատոր հետազոտությունների պատասխանները պատրաստ կլինեն երեք օրից:

Կապանի «Սոսի» ՀԸ