Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐ «ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ» ՕՐԸ

Մարզեր

Սիսիանի տարածաշրջանի Բռնակոթ գյուղի տասներորդցիները վերջին զանգի արարողությունից հետո հունիսի 11-ին մեկնել էին Որոտան գյուղի «Տաք ջուր» կոչվող տարածք «մի կտոր հաց ուտելու»: ժամը 18:00-ի սահմաններում դասարանի աղջիկները լուսանկարվելու նպատակով կանգնել են Որոտան գետի ափամերձ բարձրադիր սալքարի վրա:

Նրանցից մեկի` Կարինե Մկրտչյանի ոտքը սայթակել եւ ջուրն է ընկել, իր հետ տանելով նաեւ երկու դասընկերուհիներին: Համադասարանցի Յուրային հաջողվել է փրկել երկու աղջիկների կյանքը: Կարինեի դին ջրից դուրս է բերվել 4 ժամ հետո: Շրջանավարտների հետ որեւէ ուսուցիչ չի եղել:

Այսօր Կարինեի քննական սեղանը դատարկ էր, ուր կապված էր սեւ գույնի ժապավեն: Դասընկերները, որ այսօր հանձնում էին քննություն հայոց լեզու առարկայից, գտնվելով հոգեբանորեն ճնշված վիճակում անհաջող են հանձնել քննությունը:

Նշենք, որ Կարինեն իրենց բազմանդամ ընտանիքի 6 երեխաներից 4-րդն էր:

Սիսիանի «Սյունի» Հ/Ը