ԳՅՈՒՂԱՑՈՒՆ «ԽՈՊԱՆՆ» Է ԿԵՐԱԿՐՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՎերջին ամիսներին արձանագրված ցածր ջերմաստիճանի պատճառով Շիրակի մարզի Ազատան գյուղում գյուղատնտեսական աշխատանքները սկսվել են ուշացումով: Անձրեւային եղանակները թույլ չեն տվել ժամանակին կատարել նաեւ բանջարաբոստանային կուլտուրաների ցանքի աշխատանքները: Ազատանցին այս տարի հողից որեւէ ակնկալիք չունի: Անձրեւի պատճառով ուշ ցանված սերմը հողի մեջ թորշոմել է եւ չորացել, քանի որ եղանակն այժմ չորային է։ Անձրեւն այժմ սպասված է, սակայն չի գալիս։
Ազատանը Շիրակի մարզում ամենամեծ գյուղական համայնքն է, մեծ է նաեւ գյուղի առջեւ ծառացած խնդիրները: Այստեղ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ ու հողագործությամբ։ Երկուսից էլ գյուղացին եկամուտ չի ստանում: Միայն 1 հեկտար հողատարածություն մշակելու համար կատարած ծախսն ավելի շատ է, քան ստացած եկամուտը:
Պարարտանյութ ձեռք բերելու հարցում եւս գյուղացին կանգնում է դժվարությունների առջեւ: Նախ գյուղում, ըստ գյուղացիների,պարարտանյութ չկա, եղածն էլ ոչ բոլորի գրպանին է հասու:
Ստեղծված իրավիճակի պատճառով, 1280 տնտեսություն ունեցող գյուղից ամեն տարի արտագնա աշխատանքի է մեկնում մոտ 1000 տղամարդ: Ինչպես գյուղական շատ համայնքներում Ազատանում եւս առանց դրսից եկած գումարների ապրելը բավականին դժվար է:
Գյումրիի «Ցայգ» հ/ը