«Աբովյան» ՔԿՀ սննդի մատյանում չարաշահումներ են հայտնաբերվել
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի ընթացքում տվյալներ են ձեռք բերվել ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի տնտեսական ապրանքների և սննդամթերքի ընդունման ու բաշխման պարտականություններ իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով ծառայողական պարտականությունները չկատարելու վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անցկացված ստուգումների ժամանակ համադրվել են սննդամթերքի զանգվածները սննդի մատյանում առկա տվյալների հետ, որի արդյունքում ի հայտ են եկել անհամապատասխանություններ՝ սննդի ավելցուկ և պակասորդ: Բացի այդ, ստուգվել են նաև հիշյալ հիմնարկի տնտեսական ապրանքների տեսակային և քանակական առկայությունը, որի արդյունքում ևս ի հայտ են եկել բազմաթիվ անհամապատասխանություններ: ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի տնտեսական ապրանքների և սննդամթերքի ընդունման ու բաշխման պարտականություններ իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն