Հայերի ապստամբելու իրավունքը և պարտականությունը
«Իշխանության միակ աղբյուրը հանդիսանում է ժողովուրդը: Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»: Այս հանրահայտ իրավունքի դրույթը նորագույն Հայաստանի քաղաքացիների համար քառորդ դար շարունակ մնացել է անհասանելի: Հայաստանում հանրային իշխանություն իրականացնելու համար նախատեսված հանրային-պետական կառավարման ինստիտուտները` նախագահ, կառավարություն, խորհրդարան, չեն ձևավորվել ազատ ընտրությունների միջոցով և չեն գործում օրինական պաշտոնատար անձանց լիազորությունների ներքո: Դատական իշխանությունը նույնպես ձևավորված չէ օրինականության սկզբունքով, հետևաբար` չի կարող ծառայել ժողովրդին: «Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»: Այս հանրահայտ իրավունքի դրույթը Հայաստանում երկու տասնամյակից ավելի խախտված է: Իշխանության յուրացումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և հիմնականում նրանց սպասարկող ՀՀՇ ու ՀՀԿ կազմակերպությունների կողմից: Նրանց կողմից հիմնադրած քաղաքական կարգը և իրականացրած քաղաքականությունը չեն բխել հայ ժողովրդի շահերից և նպատակներից: «Բնական և անօտարելի իրավունքները` կյանքի, ազատության և երջանկության ձգտելու իրացնելու համար ժողովուրդը հիմնադրում է հանրային իշխանություն, որն իր օրինական լիազորությունները պետք է ստանա ղեկավարվողների համաձայնությամբ»: Հայ ժողովուրդը օրինական լիազորություններ չի տվել ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանին, ո՛չ Ռոբերտ Քոչարյանին, ո՛չ Սերժ Սարգսյանին, և ո՛չ էլ նրանց սպասարկող ՀՀՇ-ին ու ՀՀԿ-ին: Նրանք իշխանությունը բռնազավթել են: Բռնազավթիչների դեմ պայքարում ժողովուրդն օգտագործել ու սպառել է հնարավոր բոլոր միջոցները և դիմել է վերջին միջոցին` ապստամբելու իրավունքի իրացմանը: 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, առավել ևս, Հայաստանում յուրաքանչյուր անձ պարտականություն ունի դիմադրություն ցույց տալու ցանկացած հրամանի, որը վնասում է անձի իրավունքներին, ազատություններին և դրանց երաշխիքներին, նաև իրավունք ունի օգտագործել ուժ, որպեսզի կարողանա կանխել ագրեսիան: Հայ հասարակության պարտականությունն է ապստամբության միջոցով ոչնչացնել քաղաքական այն համակարգը, որը չի համապատասխանում իր շահերին և նպատակներին։ Ապստամբության և դիմադրության միջոցով հնարավոր է կանխել աղետը` թուրքական և ծավալապաշտական հարձակումները, ինչը հայ ժողովրդին սպառնում է նոր ցեղասպանությամբ և հայրենազրկմամբ: 2016 թվականի ապստամբության և դիմադրության առանձնահատկություններն են ազգային-ազատագրական և ժողովրդական նպատակները` պայքար գաղութատիրության դեմ, տարածքային ամբողջականության վերականգնում և ժողովրդավարության ու սահմանադրականության ձևավորում: 2016 թվականի ապստամբությունը և դիմադրությունը հայտարարում է օտարներից կախվածության վերացման և անկախ միասնական Հայկական պետության կազմավորման մասին: Ապստամբության պահանջն է հիմնել ժողովրդական ինքնիշխանության, ժողովրդավարության և հանրապետականության սկզբունքների վրա անկախ Հայկական պետականություն: Իրավական համակարգը նախատեսում է երաշխիքներ բռնապետության, իշխանության յուրացման, առանց ժողովրդի համաձայնության սահմանադրական կարգի փոփոխության դեմ: Այդպիսի երաշխիքը` ապստամբության հանրահայտ իրավունքն է: Ապստամբության իրավունքը՝ որպես բնական և անկապտելի իրավունք, Լուսավորչական ժամանակաշրջանի կարևոր նվաճումն էր, որը հետագայում առաջին անգամ իր արտացոլումը գտավ ԱՄՆ-ի Անկախության հռչակագրում` 1776 թվական, և Ֆրանսիական Մեծ հեղափոխության Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրում` 1789 թվական՝ որպես իրավունքի աղբյուր: Հայաստանում քաղաքացիական հասարակության առաջնային սկզբունքների նկատմամբ հարգանքի բացակայությունը և ամբողջ ժողովրդի հիմնարար իրավունքների ու ազատությունների բռնաճնշումն է օրենքների պարալիզացման հիմնական պատճառը, ինչը հանգեցրել է իրավունքները խախտող կառավարության դեմ ժողովրդի ապստամբելու իրավունքի հրատապ իրացմանը: Երբ իշխանությունը չի ենթարկվում օրենքին, ապա սկսում է գործել դիմադրության սկզբունքը, որը կիրառական նշանակություն է ստանում օրինական ու իրավաչափ ապստամբության իրավունքի իրացմամբ և այն դարձնում հրատապ պարտականություն: «Յուրաքանչյուրը, ով կյուրացնի ժողովրդին պատկանող ինքնիշխանությունը, անմիջապես կենթարկվի մահվան ազատ քաղաքացիների կողմից»: «Ճնշմանը դիմադրելը հետևանք է, որը բխում է մարդու իրավունքների պաշտպանությունից»: «Երբ կառավարությունը խախտում է ժողովրդի իրավունքները, ժողովրդի և նրա յուրաքանչյուր մասի ապստամբությունը սրբազան իրավունք է և առավել հրատապ պարտականություն»: «Անհրաժեշտ է օրենքի իշխանությամբ պաշտպանել մարդու իրավունքները, որպեսզի նա, որպես վերջին միջոց, հարկադրված չապստամբի բռնակալության ու ճնշման դեմ»: Ապստամբության իրավունքը, որի նպատակն է դիմադրություն ստեղծել բռնապետության դեմ, անբաժանելի մաս է կազմում ժողովրդավարական պետության իրավական համակարգի: Առանց այսպիսի իրավական դրույթի իրացման` Հայաստանում հնարավոր չէ պաշտպանել մարդու իրավունքները: Զարուհի Փոստանջյան 29 հուլիսի 2016թ.