«Ընկերոջս տեղափոխում են կալանավայր». ահազանգ (տեսանյութ)
Քաղաքացի Գոռ Ամիրյանը Ֆեյսբուքում հաղորդագրություն է տարածել իր ընկերոջ մասին, որին բերման են ենթարկել. «Հարգելի հատկապես ԼՐԱԳՐՈՂ ընկերներ, երեկ «Ա1+»-ի ձեր գործընկերների հետ, ձերբակալել են նաև ընկերոջս՝ Արմեն Աշոտի Հովհաննիսյանին, ով այդ պահին գտնվում էր «Ա1+»- ի ավտոմեքենայում: Ստորև ներկայացված տեսանյութում երևում է, թե ինչպես են մեքենայից հանում Արմենին և տանում ոստիկանություն: Երեկ կեսգիշերից մինչև առավոտյան 9-ը առանց որևէ բան ասելու պահել են Մասիվի ոստիկանական բաժանմունքում, իսկ այժմ տեղափոխում են կալանավայր՝ նշելով, թե Արմենը հասարակական կարգ է խախտել:
Արմեն Հովհաննիսյանին (տեսանյութում վարդագույն վերնաշապիկով երիտասարդը) բերման ենթարկելու ողջ ընթացքը շատ լավ երևում է «Ա1+» ուղիղ հեռարձակման ժամանակ, որի տեսանյութը՝ ստորև։
Խնդրում եմ օգնեք պայքարել այս ապօրինության դեմ»:
ԽՄԲ.- Ճշտում մտցնելով՝ ասենք, որ «Ա1+»-ի նկարահանող խումբը, որ ուղիղ եթեր էր նաև ապահովում, Սարի թաղի իրադարձությունների ժամանակ տեղի մեքենաներով փորձել է շարժվել դեպի Խորենացի փողոց՝ իր հետ վերցնելով քաղաքացիների։ Ճանապարհին ոստիկանները կանգնեցրել են, մահակների օգնությամբ մեքենայից իջեցրել բոլորին, պոկել լրագրողական բեյջերը, ապա, առանձնացնելով լրագրողներին, մյուս քաղաքացիներին բերման ենթարկել։