«Սարի թաղի բնակիչները լույսերն անջատում էին, որպեսզի իրենց չգտնեն» (տեսանյութ)
Վերջին 15 օրերի իրադարձությունները «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանին հիշեցրել են մարտի 1-ը: «Այն, ինչ տեղի ունեցավ, նորություն չէր մեր երկրի համար: Մենք ունեցել ենք հոկտեմբերի 27, մարտի 1, բայց ցավալի է, որ այսքանից հետո մենք դասեր չքաղեցինք»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա՝ նշելով, թե բարեփոխված ոստիկանության եւ ԱԱԾ-ի մասին պատկերացումները ի չիք դարձան. «Իրականում մենք ունենք ագրեսիվ ոստիկաններ, եւ չկա պատասխանատվություն՝ ոչ իշխանությունների, ոչ ընդդիմության կողմից: Երկկողմանի անպատասխանատվության մթնոլորտ է: Այս 15 օրերի ընթացքում Հայաստանում գրեթե անիշխանություն էր»: Թագուհի Թովմասյանը նշեց, որ այս օրերին թիրախավորված բռնության էին ենթարկում լրագրողներին: Նրա խոսքով՝ ոստիկանությունը պետք է բացատրություն տա կատարվածի համար, ինչպես նաեւ, թե ովքեր էին քաղաքացիական հագուստով այն անձինք, ովքեր ոստիկանության շարքերում էին եւ քարեր էին նետում քաղաքացիների վրա: Խմբագիրն ընդգծեց, որ այս օրերին միայնակ էին մնացել Սարի թաղի բնակիչները. «Սարի թաղի բնակիչները լույսերն անջատում էին, որպեսզի իրենց չգտնեն: Ումի՞ց էին թաքնվում նրանք Երեւանի կենտրոնում: Փաստորեն, այդ համայնքը չունի ղեկավար, պատգամավոր, որովհետեւ ոչ մեկը չհետաքրքրվեց բնակիչների անվտանգության հարցերով»: Ասուլիսին ներկա էր նաեւ «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում լրագրողներին չեն սիրում. «Ամենավտանգավոր վիճակն այն ժամանակ է ստեղծվում, երբ կա բողոքող հասարակություն եւ ոստիկան, եւ արանքում չկա որեւէ միջնորդ: Նման իրավիճակներում իսկապես լրագրողի համար շատ դժվար է աշխատելը՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ լրագրողներին Հայաստանում չեն սիրում՝ ոչ միայն ոստիկանությունը, այլ նաեւ հասարակությունը, որը լրագրողի կարիքը զգում է այն ժամանակ, երբ անմիջապես իր հարցերն է ուզում լուծել»,-ասաց նա: Խմբագիրը փաստում է՝ մենք չունենք քաղաքական այն ուժը, որը ընդունելի կլինի բոլորի կողմից: «Այսօրվանից կսկսեն խոսել, սոխակ կկտրեն այն մարդիկ, ովքեր 15 օր բերանները փակել էին»,-նշեց նա: Թագուհի Թովմասյանն էլ հավելեց, որ իշխանությունը միշտ փորձել է վարկաբեկել լրագրողներին, ինչը նրա մոտ ստացվել է. «Հայաստանում վարկաբեկված են իշխանության բոլոր ճյուղերը, մնացել էր միայն 4-րդ իշխանությունը, եւ դրա համար դաշտում հենց իշխանության ձեռքով հայտնվեցին լրատվամիջոցներ, ովքեր վարկաբեկեցին լրագրողներին, ու հիմա ունենք այն, ինչ ցանկանում էին նրանք»: