Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ահաբեկիչ» որակումը լուրջ հարված է ՀՀ տնտեսության համար (տեսանյութ)

Հասարակություն
makaryan

«Սասնա ծռեր»  խմբին  «ահաբեկիչ» որակելն ու ներկայացնելը կարող է հերթական լուրջ հարվածը լինել Հայաստանի տնտեսությանը։ ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքերով, երբ մենք ասում ենք ահաբեկիչ կամ տեռորիստ, ընդ որում դա անում են մեր պետական մարմինները,  հետո ռուսական կանալները կրկնեցին, ապա եվրոպացին, օրինակ , պոտենցիալ տուրիստը կամ այլ երկրի քաղաքացին տեռորիստ ընկալում է այն տեռորիստը, որը երկիր մտնում է կացինով, դանակով, մորթում է, սպանում է, կրակում է, պատանդ է վերցնում՝ սպանելու սպառնալիքով։ Քաղաքական նպատակով արված հայտարարությունը կարող է մեկ ակնթարթում փոշիացնել  զբոսաշրջության զարգացման նպատակով  տարիներով ներդրած գումարներն  ու ջանքերը։ Ստեղծված  իրավիճակը կարող է նաեւ միգրացիոն նոր ալիքի պատճառ դառնալ։ «Մարդիկ կան՝ միգրացիայի դիմում են ոչ միայն որպես աշխատանքային միգրանտներ, այլ բարոյահոգեբանական մթնոլորտի, մարդու իրավունքների հետ կապված խնդիրների պատճառով։ Ինչ-որ մարդիկ ձերբակալվում են, բաց են թողնվում, կարող են էլի ձերբակալվել, մարդիկ կարող են մտածել հեռանալու մասին՝ մտածելով, որ էստեղ իրենց համար հեռանկար չկա»։ Գործատուների միության նախագահի համոզմամբ՝  Հայաստանի տնտեսությունը ուշքի բերելու համար  բացառիկ  քայլեր են անհրաժեշտ.  Միայն    2015-ին 10 հազարից ավելի անհատ ձեռնարկատեր եւ իրավաբանական անձ պաշտոնապես լուծարվել է. «Վերլուծության տվյալներով՝ 2008-2014թթ աշխատունակ տարիքի 1000 քաղաքացիներին բաժին ընկնող բիզնեսի խտությամբ Հայաստանը գտնվում է ամենաստորին մակարդակի վրա։ Վրաստանին, Խորվաթիային, Մակեդոնիային ենք զիջում, այսինքն` կորը ուղիղ գիծ է։ Շարունակաբար 6 տարի իրավիճակ չենք փոխել»։ Գագիկ Մակարյանն հիշեցնում է՝ միջազգային ֆինանսական կառույցներն արդեն 5 տարի ահազանգում են՝ Հայաստանում ՀՆԱ-ի 50 տոկոսը գտնվում է ստվերում, այսինքն՝ տարեկան 5 մլրդ դոլար  մնում  է ստվերում։  Միայն թե ստվերն ու կոռուպցիան էլ իրենց պատճառներն ունեն։ «Փոքր ընկերությունները պետական գնումներից չեն օգտվում։ Իրենց 5 անգամ ավելի հսկողության տակ են պահում, մրցակցային պայմանները ստիպում են ստվեր պահել, որ կարողանան գոյություն պահեն, թե չէ պիտի փակվեն»։ Հիմա արդեն դժվար է  հասկանալ՝ ստվե՞րն է առաջացրել կոռուպցիան, թե՞ հակառակը, սակայն 2-ն էլ բավական բարձր մակարդակում են, ու դրանց դեմ պայքարը պետք է վերեւից լինի եւ առանց  սողանցքներ թողնելու։