«Ով այս օրերին չմիացավ ժողովրդին, դարձավ քաղաքական դիակ» (տեսանյութ)
Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի համար սկզբունքային հարց էր մասնակցել վերջին օրերի ցույցերին: Նրա խոսքով՝ քաղաքական գործիչները պարտավոր էին կանգնել ժողովրդի կողքին՝ անկախ նրանից՝ համակրու՞մ են «Սասնա ծռերին», թե ոչ. «Ով չկանգնեց ժողովրդի հետ կողք կողքի այդ օրերին, նրանք դարձան քաղաքական դիակներ: Պարզ էր, որ իշխանությունը բիրտ ուժ էր կիրառելու, ուստի անհրաժեշտ էր լինել ժողովրդի կողքին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա: Քաղաքագետն անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթին՝ նշելով, որ զարմացած է. «Երկու շաբաթ բռնություններ էին հայ ժողովրդի նկատմամբ կիրառվում, ու նախագահը ներողություն չխնդրեց Սարի թաղի ժողովրդից, ներողություն չխնդրեց այն քաղաքացուց, որն իրեն ինքնահրկիզեց ցույցի ժամանակ: Մարդուն այն աստիճանի հասցրեցին, որ նա ցուցադրական իրեն վառեց, բայց իշխանությունները ոչ մի արձագանք չտվեցին»,- նշեց նա: Պարոն Գրիգորյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի ելույթից ինքը հասկացել է, որ անցել են խոստումների ժամանակները: «Ռեպրեսիաները վերջին երկու օրը շարունակվում են, հասարակական, քաղաքական գործիչների հանդեպ քրեական հետապնդումներ են, դադարեցրեք դրանք»,- ասաց նա՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանը պետք է հանդիպի Ժիրայր Սեֆիլյանի հետ: Նա անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանի այն խոսքերին, թե ԼՂ հարցում Հայաստանը միակողմանի զիջումների չի գնա. «Ի՞նչ է, եթե երկկողմանի զիջումներ լինեն, մենք այդ տարածքները հանձնելու՞ ենք: Վտանգ եմ տեսնում այդ հայտարարության մեջ: Նախագահն իր այդ խոսքով ցույց տվեց, որ, այո, բանակցություններ գնում են տարածքներ հանձնելու շուրջ»: Ստեփան Գրիգորյանը նշեց նաեւ, որ այս օրերին ամեն կերպ փորձելու են վարկաբեկել «Սասնա ծռերի» տղաներին: Նա հորդորում է՝ ուշադիր լինել, թե ով կզբաղվի դրանով. «Քանի որ իշխանության բոլոր օղակները ժողովրդի մոտ հեղինակազրկված են, նրանք դա կփորձեն անել մտավորականների, տարբեր քաղաքագետների, փորձագետների միջոցով, որոնք հեքիաթներ կպատմեն»: Վերջում քաղաքագետը մի քանի պահանջ ներկայացրեց իշխանություններին՝ կապված վերջին օրերի իրադարձությունների հետ: «Ես պահանջում եմ, որ տղերքի դատավարությունը բաց լինի, խոշտանգումներ չկիրառեն, ուսումնասիրեն գնդապետ Վանոյանի եւ սպա Տեփանոսյանի սպանությունները: Քննել, թե ում հրահանգով են Երեւանի կենտրոնում դիպուկահարներ բերել: Դիպուկահարները նրա համար չեն, որ սպանեն հայ հերոսներին, դիպուկահարները պետք է նստեն շփման գծում եւ կրակեն թշնամու ուղղությամբ: Պահանջում եմ, որ այն ոստիկանները, ովքեր դաժանություններ են արել, կանգնեն դատարանի առաջ, իսկ մյուսներին տանեն շփման գիծ: Եթե նրանք այդքան դաժանորեն հայերին են ծեծում, իրենց ձեռքը որ թուրք ընկնի, ի՞նչ կանեն: Դիմում եմ նաեւ ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի դեսպանատներին, ԵՄ, ԵԽ, ԵԱՀԿ կառույցների ներկայացուցիչներին, որպեսզի այլեւս չֆինանսավորեն ոստիկանությանը, դատախազությանը եւ քննչական մարմնին, քանի դեռ վերջիններս պատշաճ քննություն չեն իրականացրել»: