Լ. Իգիթյանը լքեց Հանրային խորհրդի դահլիճը (տեսանյութ)
Վերնիսաժի մոտ 40 վաճառող Երեւանի քաղաքապետարանից պահաջում են վերանորոգումից հետո արժանավայել, առանց տեղի վարձի գների բարձրացման՝ համապատասխան չափերով տաղավարներ: Ասեղնագործ վարպետների գործը հասել էր Հանրային խորհուրդ։ Նրանք մեղադրում են քաղաքապետարանին խոստումը դրժելու մեջ։ «Մեզ առաջարկել են Վերնիսաժի միջանցիկ մասերում տաղավարներ՝ երեք մետր բարձրության ճաղավանդակների վրա՝ առանց ծածկի: Ես չգիտեմ՝ մեզ ծաղրո՞ւմ էին, թե՞ ուղղակի այդպես էին մտածում. մենք ասում ենք՝ ինչպե՞ս ենք բարձրանալու երեք մետրի վրա, ասում էին՝ ձեզ համար աստիճաններ կբերենք: Տիկնայք, մեր միջին տարիքը 60-ից բարձր է: Մեր պահանջն է՝ մեզ հատկացնեն ճիշտ այնպիսի տեղ, ինչպիսին արծաթագործներինն է, բրուտագործներինը»,- հայտարարեց ասեղնագործ Վարդիշաղ Կարապետյանը: Հանրային խորհրդի անդամները կողմ էին ասեղնագործների մտահոգություններին: «Գերշուկայական կամ բազարային այդ հարաբերությունները կամաց-կամաց ընդլայնում են իրենց դիրքերը: Փաստորեն, ասում են՝ դե, մեզ համար դա բիզնես է. մեկի համար զենք ծախելն է բիզնես, մյուսների համար՝ իրենց պաշտոններիրց օգվելով ինչ-որ ներքին բիզնեսներ անելը»,- ասաց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը: Նիստին մասնակցում էր նաեւ Երեւանի ավագանու անդամ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանը: Նա մեջբերեց քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ ունեցած իր զրույցը. «Քաղաքապետն ասաց՝ նրանք, որոնք պայմանագիր ունեն եւ օրինական աշխատանք են անում, բոլորի այդ տեղերը պիտի պահպանվի: Հիմա ես հավատում եմ մի քիչ իրեն, քանի որ ինքը իր խոսքի տեր մարդ է՝ ոչ մի բան հենց այնպես չի ասում: Եթե քաղաքապետի բերանից էտ եմ լսում, ես ուրիշ ո՞ւմ լսեմ»: Սկսվեց վիճաբանություն, որից հետո Լեւոն Իգիթյանը լքեց դահլիճը: Իսկ Հանրային խորհուրդը 3 կետից բաղկացած առաջարկությունների փաթեթ ընդունեց՝ պահպանել մշակութային տարածքը, առաջնահերթություն տալ ժողովրդական արվեստի վարպետներին, բացառել վերավաճառքի հնարավորությունը։