Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պուտինն ուղղակի տեղյակ կպահի՝ ի՞նչ որոշեցին Էրդողանի հետ». քաղաքագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
stepan

«Սասնա ծռեր» խմբավորման գործողությունն ամրացրեց Հայաստանի դիրքերը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում։ Տարածքային զիջումների չգնալը Էրեբունու ՊՊԾ շենքը գրաված խմբի անդամների հիմնական պահանջներից էր։ Սակայն հուլիսի 29-ի ոստիկանական բռնություններն ու ընդդիմադիրների ձերբակալությունները կարող են բերել հակառակ արդյունքի։ «Հայաստանը միշտ ուներ մեկ առավելություն Ադրբեջանի նկատմամբ՝ մեր ժողովրդավարության աստիճանը մի փոքր ավելի բարձր էր քան Ադրբեջանում։ Հայաստանի իշխանությունների այս գործողությունները բերում են նրան, որ մենք կորցնում ենք Ղարաբաղի հարցում մեր կողմնակիցներին։ Առաջին հերթին Եվրոպայում և Միացյալ նահանգներում միշտ նշում էին, որ Ղարաբաղը չի կարող լինել ավտորիտար ռեժիմի իշխանության տակ»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։ «Սասնա ծռերի» գործողությունից հետո հայաստանյան հասարակությունն ավելի ուշադիր դարձավ՝ զգուշանալով իշխանությունների զիջողականությունից։ Իսկ գոստոսի 1-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում լինելու անհնարինության մասին։ Ստեփան Գրիգորյանը նշում է. «Իշխանությունները չեն կարող առանց հասարակության ինչ-որ քայլ անել՝ օրինակ միակողմանի զիջումների գնալ Ղարաբաղի հարցում։ Սերժ Սարգսյանն իր հայտարարությունում մի քանի որ առաջ ստիպված էր Ղարաբաղին նվիրել մի մաս, մինչդեռ ապրիլյան պատերազմից հետո մենք պահանջում էինք, որ իշխանությունը ասի՝ ինքը գնո՞ւմ է միակողմանի զիջումների, թե՞ ոչ։ Ստիպված էին պատասխանել»։ Սրան զուգահեռ, քաղաքագետը հիշեցնում է՝ Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ին անդամակցությամբ ու Ռուսաստանի հետ ՀՕՊ պայմանագիր ստորագրելով զիջեցին ինքնուրույն խոսք ասելու իրավունքը Արցախի հարցում։ Դրա հետևանքով մեծացավ Ռուսաստանի դերն այս գործընթացում։ Պատահական չէ, որ Էրդողան-Պուտին հանդիպման այսօրվա հանդիպման օրակարգում եղել են ինչպես Ղարաբաղի, այնպես էլ հայ-թուրքական սահմանի բացման հարցերը։ «Հիմա իմաստ ունի՞ Էրդողանին փորձել հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, կամ իմաստ ունի՞ Ալիևին հանդիպել Սերժ Սարգսյանի հետ։ Դա է պատճառը, որ իրենք հասկացան՝ հիմա պետք է համոզել Ռուսաստանին։ Ես կարծում եմ՝ Պուտինն ուղղակի տեղյակ կպահի Սերժ Սարգսյանին՝ ի՞նչ որոշումներ կայացրին Էրդողանի հետ»,- ասում է քաղաքագետը։ Ադրբեջանին ու Իրանին Արևմուտքից կտրելու համար Ռուսաստանը նախաձեռնել է Թեհրան-Բաքու-Մոսկվա տնտեսական եռանկյունու ստեղծումը։ Կկառուցվի Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը, կակտիվանա նաև էներգետիկ համագործակցությունը։ «Եթե Ադրբեջանը հիմա Ռուսաստանի հետ լուրջ ծրագրերի մեջ է, ակնհայտ է՝ իր ազդեցությունը կմեծանա ու Ռուսաստանի միոջոցով անընդհատ իրենք կուզենան կորզել մեզանից զիջումներ»,- կարծիք է արտահայտում քաղաքագետը։ Այս իրավիճակում Ստեփան Գրիգորյանի համոզմամբ՝ կան գործոններ, որոնք կարող են կանխել Հայաստանից ճնշումներով զիջումներ կորզելու հնարավորությունը։ Դրանք են՝ հայաստանյան զգոն հասարակությունն  ու հայկական զինված ուժերը։