Լրագրողները "ոչ" են ասում բռնությանը (տեսանյութ)
Հայաստանյան մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ «ոչ» են ասում բռնություններին, դատապարտում են լրագրողների դեմ իրականացվող հարձակումները, պահանջում անհապաղ պատժել լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտողներին:
«Մեր աչքը պետք է տեսնի ազատազրկված եւ դատարանի առաջ կանգնած ոստիկանների, անկախ նրանից նրանք եղել են համազգեստով թե՝ ոչ»,- ասում է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:
[caption id="attachment_1479953" align="alignleft" width="308"]
A rally initiated by the Armenian media representatives with slogan 'For the Freedom of Speech' took place on Freedom Square[/caption]
«Պետք է լինի ցանկություն՝ նախագահի մոտ, վարչապետի մոտ, ոստիկանապետի մոտ, եթե լինի ցանկություն այսպիսի հարցերը կլուծվեին ու վաղուց պետք է լուծված լինեին»,- նշում է «Ա1+» ՀԸ նախագահ Մեսրոպ Մովսիսյանը:
Տեսանյութերը դիտողները հասկացել են, որ Սարի Թաղում հուլիսի 29-ին տեղի ունեցած դեպքերի ժամանակ լրագրողները թիրախավորվել են։ Ազատության հրապարակում հավաքին ներկա ոստիկանության լրատվության եւ հասարակության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը համակարծիք չէ նրանց հետ. «Արտակարգ իրավիճակներում, երբ կան չարտոնված հավաքներ, հավանականություն կա , որ լրագրողը կարող է ստանալ վնասվածք: Դա նորմալ է ամբողջ աշխարհում, յուրաքանչյուրը գիտի, որ վնասվածք կարող է ստանալ: Միտում չեմ տեսնում այստեղ, որովհետեւ ոստիկանությունն ինքն է շահագրգռված,որ նման բաներ չլինեն,քանի որ արդյունքում այդ գերատեսչության հեղինակությունն է տուժում»:
[caption id="attachment_1480004" align="alignright" width="308"]
A rally initiated by the Armenian media representatives with slogan 'For the Freedom of Speech' took place on Freedom Square[/caption]
Այն, որ լրագրողներին բռնության են ենթարկել նաեւ քաղաքացիական հագուստով ոստիկաններ, Աշոտ Ահարոնյանը ապացուցված չի համարում. «Համացանցում ես դեռ չեմ տեսել քաղաքացիական հագուստով ոստիկան, որը բռնություն է կիրառում լրագրողի նկատմամբ»:
«Մենք բոլորս ենք տեսել, որ քաղաքացիական հագուստով անձիք՝ ընդունելով ինչ-որ հաբեր, մտնում են ինչ-որ տեղ եւ ոստիկանության պետի թիկնազորի անդամների հրահանգներով կատարում գործողություններ: Դա ո՞նց ապացույց չի, բա ապացույցը պոզով պոչով ա լինում»,- նշում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Հանուն խոսքի ազատության» հավաքի ժամանակ հրապարակված տեքստը՝ ստորագրություններով կներկայացվի Սերժ Սարգսյանին, կառավարությանը եւ Ազգային ժողովին: