Կարո Եղնուկյանի նամակը ԱԱԾ-ի մեկուսարանից
«Հիմնադիր Խորհրդարան»-ը հրապարակել է Կարո Եղնուկյանի նամակը` գրված Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից: Նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Սիրելի ընկերներ, ինչպես գիտեք, ես հուլիսի 19-ից ձերբակալվել եմ և գտնվում եմ ԱԱԾ-ի մեկուսարանում: Հուլիսի 17-ի առավոտյան ոստիկանները այցելեցին իմ բնակարան՝ առանց որևէ որոշման և պատվիրում էին ինձ իրենց հետ գնալ ոստիկանություն, որպեսզի օգնեմ ԱԱԾ-ին: Տեղյակ չլինելով, թե ինչի շուրջ պետք է ծավալվի զրույցը, ես հրաժարվեցի դուռը բացել՝ պատճառաբանելով, որ չեմ պատկերացնում, թե ինչպես կարող եմ ԱԱԾ-ին օգտակար լինել: Որոշ ժամանակ անց նրանք հեռացան: Հուլիսի 18-ին ինձ և երկու մեծ աղջիկներիս Խորենացի փողոցից՝ հանրահավաքի վայրից բերման ենթարկեցին ոստիկանություն և ապօրինի կերպով պահեցին 5 ժամից ավել և միայն փաստաբանի միջամտությամբ ազատ արձակվեցինք: Հունսիս 19-ին գնացել եմ Civilnet, հարցազրույց եմ տվել և վերադարձել եմ տուն: Այդ օրը չեմ գտնվել հրապարակում: Ժամը 20:00-ին ԱԱԾ-ի աշխատակիցները եկան իմ բնակարան և մոտ 6 ժամ խուզարկություններ կատարեցին իմ և զոքանչիս բնակարաններում, ավտոտնակում և իմ երկու մեքենաներում, որից հետո ինձ ձերբակալեցին: 22.07.2016թ. «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներին օժանդակելու մեղադրանքով ինձ մեղադրանք առաջադրեցին ՀՀ քրեական օրենսգրքի 38-218-րդ 3-րդ մասով՝ պատանդներ պահելուն օժանդակելու և 38-219-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զավթած շենք շինություններ պահելուն օժանդակելու համար: Ըստ մեղադրանքի ինձ են մեղսագրվել հետևյալ գործողությունները. 1. Որ ես խմբի անդամից տեղեկանալով դեպի գունդը տեխնիկայի շարժի մասին ստացված տեղեկությունը հրապարակել եմ և դրանով խափանել գրոհը տղաների վրա: 2. Որ ես միջոցներ եմ ձեռնարկել Ազատության Հրապարակում հավաքի մասնակիցներին գնդի մոտակա տարածք տեղափոխելու համար: 3. Որ ես ապատեղեկատվություն եմ տարածել, որ իրավապահ մարմինների տրամադրած սննդից զինված խմբի անդամները թունավորվել են, և այս անելով ես վարքաբեկել եմ իրավապահ մարմիններին: 4. Որ ես ձգտել եմ «Սասնա ծռերի» համար դրսից ապահովել ռադիո կապ: Մեղադրանքը ամբողջովին անհեթեթ է և արհեստական: Ես այս նշված գործողությունները չեմ կատարել, բայց նույնիսկ եթե կատարած լինեի դրանք քրեորեն պատժելի չեն: Առաջին երեք կետերը վերաբերում են տեղեկություն տարածելուն, որը իմ ազատ խոսքի իրավունքն է: Իսկ վերջին կետը խոսում է այն բանի մասին, որ ես ձգտել եմ ռադիոկապ ապահովել, որը բացարձակ իրավաբանությանը ծանոթ դրույթ չէ, քանի որ անձանց ձգտումների, կամ որ նույնն է ցանկությունների համար մեղադրանք չեն առաջադրում: