Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Մշակույթ

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական երկրորդ փառատոնն այս տարի մեկնարկեց Կ. Դեմիրճյան մարզահամերգային համալիրում այն հիմնավորմամբ, թե իբր միայն այստեղ է հնարավոր տեղավորել բոլոր մասնակիցներին, որոնք այս տարի ժամանել են մեծ պատվիրակություններով:

Սակայն շատ սփյուռքահայեր ստիպված էին նստած տեղերից վեր կենալ, քանի որ այդ տեղերը «նախապես արդեն զբաղված էին» (թեեւ մուտքը համերգասրահ ազատ էր- խմբ.), եւ նրանք կամ ուղղակի տեղավորվել էին աստիճաններին, կամ նման վերաբերմունքից վիրավորված ներկա չգտնվեցին բացման արարողությանը:

Ինչ վերաբերում է համերգային ծրագրին, ապա կրակոտ էստրադային կատարումին անմիջապես հաջորդում էր հոգեւոր շարականը, որի ընթացքում չխաղաղված հանդիսատեսը նախորդ երգի ազդեցության տակ շարունակում էր սուլել ու բացականչություններով ողողել դահլիճը:

Համերգն ավարտվեց ուշ գիշերին` հրավառությամբ, որից հետո հրշեջ մեքենաները հանգցնում էին այրվող էլեկտրական լուսամփոփները, որոնք շատ ցածր բարձրության վրա պայթեցվող հրավառության հետեւանքներն էին:

Փառատոնը հաջորդ օրերին շարունակվեց նաեւ Հայաստանի մարզերում: Այստեղ սկսվեց փառատոնի մասնակիցների եւ լրագրողների իսկական ոդիսականը:

Սակայն, ամենից «ցնցող իրավիճակը» երկուշաբթի Ծաղկաձորում եւ Սեւանում էր, որտեղ պետք է ներկա գտնվեին բոլոր մասնակիցները ու վառվեր միասնույթան խարույկը: Խարույկը ոչ միայն չվառվեց, այլեւ նախատեսված համերգը հազիվ սկսված ավարտվեց, քանի որ ընդհանուր անկազմակերպվածությանն ավելացավ նաեւ տեղատարափ անձրեւն ու սարսափելի ցուրտը:

Այս ընթացքում կազմակերպիչները խստացել էին նաեւ մասնակիցներին ապահովել սնունդով, սակայն միայն հետդարձին ավտոբուսների մեջ բաժանեցին պանրով եւ երշիկով բուտերբրոտները, իսկ մինչ այդ. «Ով ինչպես կարողանար պետք է իր գլուխը պահեր»,- պատմում էր Լիբանանից ժամանած մասնակիցներից մեկը:

Նույնը վերաբերում էր հիգիենիկ պայմաններին: Շատերը նույնիսկ այս պարագայում երջանկություն էին համարում լճի առկայությունը: Իսկ Ռուսաստանից ժամանած երգչախնբի մասնակիցներից երեքը չէին տեղավորվել ավտոբուսներում` Ծաղկաձորում հանդես գալու համար, եւ ստիպված միանգամից եկել էին Սեւան:

Ի դեպ, Ռուսաստանի պատվիրակությունը, որն այս տարի ամենամեծ խումբն էր, յուրաքանչյուր մասնակից երեխայի հետ 2-3 բարեկամ-հարազետ էր մեկնում մարզեր, որի հետեւանքով ավտոբուսները գերծանրաբեռնված էին դարձել ու կազմակերպիչների համար հավելյալ աշխատանք ստեղծել:

Այնուամենայնիվ, բոլոր թերություններով հանդերձ սփյուռքահայերն աշխատում էին չդժգոհել եւ վայելել հայրենիքում եղած սահմանափակ ժամանակը, մանավանդ նրանցից շատերը, հատկապես երեխաներն առաջին անգամն էին Հայաստանում:

Նույնիսկ Էջմիածնում եղած ժամանակ մոմ էին վառել` հայրենիքում ավելի հաճախակի լինելու կամ մեկընդմիշտ վերադառնալու համար: «Մեծ հրճվանք է պատճառում մեզ այն, որ այստեղ հանդիպեցինք ու ծանոթացանք տարբեր տեղերից ժամանած հայերի հետ, որը բացառիկ էր մեզ համար»,- ասում է Սիրիայի «Պետրոս Ադամյան» թատերախմբի դերասանուհի Երան Զեյթունցյանը: