Ցուցահանդես՝ ի աջակցություն թալիշցիների. գալ լիքը գրպաններով (տեսանյութ)
Հայաստանի նկարիչների միության անդամ Մհեր Ստեփանյանն իր կյանքի կես դարը տոնում է անհատական ցուցահանդեսով, որը նվիրել է անկախության 25-ամյակին:
«Ես որոշեցի անել խառը ցուցահանդես: Այստեղ կա մարդկային կատակերգություն, «Սասնա ծռեր», բնանկարներ կան շատ՝ օպտիմիստական եւ պեսիմիստական: Տարբեր թեմաներ են, տարբեր շրջանների կտավներ, եւ ցուցահանդեսը դարձավ հետահայաց»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Ցուցահանդեսին ներկայացված է շուրջ 60 նկար, որոնց վաճառքից ստացված ողջ հասույթը նկարիչը որոշել է տրամադրել ապրիլյան պատերազմից հետո դատարկված Թալիշ գյուղին:
«Թողնել այդ գյուղը ադրբեջանցիների հսկողության տակ հանցագործություն է: Թալիշը դարպաս է, եթե այդ դուռը բացվեց, մինչեւ այստեղ կհասնեն: Պետք է այդ հարցը արագ լուծել եւ ուշադրություն դարձնել, որ այնտեղ ամրապնդվի, որ ոչ մեկ ոչ մի ախորժակ չունենա: Եթե այնտեղ մարդ բնակվի, պարզ է, որ կպահենք այդ հողը, եթե մարդ չբնակվեց, մենք մեր ձեռքով տալիս ենք հողը»,-ասաց Ստեփանյանը՝ խուսափելով նշել իր կտավների գինը, փոխարենը հորդորելով ցուցահանդեսին գալ լիքը գրպաններով. «Թող գան այն մարդիկ, ովքեր կարող են 3000 դոլարից ավել փող տան, որովհետեւ 500 կամ 1000 դոլարով մենք չեն կարող օգնել՝ տանիք փոխել կամ պատ շարեն»:
Նկարիչների միությունում Մհեր Ստեփանյանի ցուցահանդեսը կտեւի մինչեւ սեպտեմբերի 10-ը, սակայն կտավները կվաճառվեն նաեւ ցուցահանդեսի ավարտից հետո: