Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

83 հազար աշակերտ կստանա դպրոցական սնունդ՝ 1700 կին-խոհարարից

Հասարակություն
school

ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ կրթության և գիտության նախարարության, և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան  գրասենյակը   պայմանավորվածություն են ձեռք բերել «Հայաստանում կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հիմնական պայմանագրում փոփոխություններ կատարելու և ժամկետը երկարաձգելու մասին: Այդ կապակցությամբ այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պասկալ Միշոն ստորագրել են համաձայնագիր՝  «Հայաստանում կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը  մինչև 2017 թ-ի հունիսի 30-ը երկարաձգելու վերաբերյալ:

Նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է համաձայնագրի ստորագրումը՝ ընդգծելով, որ դրանով երկարաձգվում է Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան  գրասենյակի հետ ավանդական համագործակցությունը: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պասկալ Միշոն իր հերթին նշել է. «Հայաստանում կայուն դպրոցական սնունդ» ծրագրի կապակցությամբ ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել ՀՀ կառավարությանը՝ ի դեմս ԿԳ նախարարության՝ երկարաժամկետ, կայուն և արդյունավետ համագործակցության համար: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 25 մլն դոլար, որի համար նաև մեր երախտագիտությունն ենք հայտնում ՌԴ կառավարությանը՝ օժանդակություն ցուցաբերելու համար»։

Ծրագրով  կշարունակվի ՀՀ 7 մարզերի շուրջ 600 դպրոցներում սովորող տարրական դասարանների 60.000 աշակերտների սննդի ապահովումը: Ծրագրի իրականացումն ապահովում են 1700 կին-խոհարարներ:

Նշենք, որ Հայաստանում  «Կայուն դպրոցական սնունդ»  ծրագիրը մեկնարկել է 2010 թվականից՝ Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ: 2013 թվականից սկսած՝ ծրագրի իրականացմանը միացել է  ՀՀ  կառավարությունը՝ ընդլայնելով ծրագրի ծավալները: Ներկայումս «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն իրականացվում է  ՀՀ բոլոր մարզերում, բացի մայրաքաղաք Երևանից: Վայոց Ձորի, Սյունիքի և Արարատի մարզերում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն իրագործվում է ՀՀ պետական բյուջեի, իսկ մնացած 7 մարզերում՝ Պարենի համաշխարհային ծրագրի միջոցներով: Ծրագրում ընդհանուր առմամբ ընդգրկված են ՀՀ մարզերի  դպրոցների տարրական դասարաններում սովորող  շուրջ 83 հազար աշակերտներ: