Ամբողջ գյուղը փնտրում է ոչխարներին. գյուղապետ
Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքում երեկ երեկոյան 10 գայլից բաղկացած ոհմակը հարձակվել է ոչխարների հոտի վրա: Արդյունքում 37 ոչխար հոշոտվել է կամ վիրավորվել: Այս մասին հայտնել էր Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ «Ա1+»-ի հետ զրույցում գյուղապետ Ահարոն Աբրահամյանը պատմեց, որ հոտը վերադառնալիս է եղել դաշտերից ու հարձակման պահին արդեն շատ մոտ է եղել գոմին. «277 գլուխ ոչխար կար հոտում, մի մասը տեղում է սատկել, մի մասը մորթման ենթակա է: 92 գլուխ ոչխարն էլ անհետ կորել է, հիմա ամբողջ գյուղը ման է գալիս, չկան»: Գյուղապետը նշեց նաեւ, որ մորթման ենթակա ոչխարները այլեւս վաճառքի ենթակա չեն. «Այդ միսն էլ ոչ մեկը չի առնի, իրար մեջ պետք է բաժանենք, էլի»: Հոտի ոչխարները պատկանում էին գյուղի 12 ընտանիքների: Գյուղապետի խոսքով՝ մարզպետարանի ներկայացուցիչները եկել են եւ տեղում ծանոթացել իրավիճակին. «Արձանագրություն են կազմել, բայց դեռ պարզ չի, թե որ ընտանիքին որքան օգնություն կտրամադրվի»: