Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մշակույթ

24 ժամ հետո կավարտվի մեկ շաբաթ տեւող «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային երկրորդ փառատոնը: Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում փառատոնի շրջանակներում անցկացվող ամփոփիչ խորհրդակցություն էր:

Խորհրդակցությանը ներկաներն արծարծեցին այն տեսակ թեմաներ, ինչպիսիք են փառատոնի նշանակությունը տեղի համահայկական մշակութային դաշտում, ինչպես նաեւ նրա դերը Հայաստան-Սփյուռք մշակութային կապերի ամրապնդման եւ զարգացման գործում: Չհաշված փառատոնի կազմակերպչական այն բոլոր բացթողումները, որ եղան այս մեկ շաբաթվա ընթացքում, այսօր էլ խորհրդակցության մասնակիցները գրեթե ոչ մի բառ չհասկացան տեղի ունեցածից: ԳԱԱ-ում չէր աշխատում ոչ մի բարձրախոս:

Խորհրդակցությանը տեղեկացրեցին, որ փառատոնին մասնակցել են 20 երկրներից շուրջ 2000 մասնակիցներ: «Ճիշտ է բողոքներ եղան, թերություններ եղան, բայց դուք գիտեք, թե մենք ինչպիսի լարվածությամբ ենք աշխատել»,- մեղանչեց փառատոնի կազմակերպիչ Թամար Պողոսյանը: Իսկ նախագահի խորհրդական Վիգեն Սարգսյանն իր ելույթում նշեց. «Այս փառատոնը Հայաստան-Սփյուռք կապերի համատեքստում մի բաղադրիչ մաս է: Հայաստանը գտնում է, որ ժամանակն է մտածելու՝ Հայաստանում ինչ կարելի է անել Սփյուռքում հայապահպան, Հայաստան-Սփյուռք կապերը ամրապնդելու համար»:

Նա մամուլի բազմաթիվ հրապարակումների առումով նկատեց. «Փառատոնը նպատակ չի հետապնդում մասնագիտական ստուգատեսի վերածվելու: Ոչ թե անցկացնում ենք մրցույթ, թե որն է ավելի լավը, այլ ստեղծում ենք հնարավորություն, որ ողջ աշխարհում հայկական համույթները, դերակատարները եւ այլն միմյանց հետ կարողանան շփվել, ավելի լավ ծանոթանան Հայաստանի հետ եւ վերջապես կարողանան փոխադարձ փորձերի փոխանակում կատարել»:

Մինչդեռ ավելացրեց, որ այդ առթիվ մշակույթի նախարարի հետ քննարկելով եկել է այն համոզմանը, որ արդեն հասունացել է ժամանակը, որ համահայկական մշակութային փառատոնների համատեքստում նաեւ ներգրավվել մասնագիտական, հայազգի ճանաչված եւ առաջատար կատարողներին: «Հուսով եմ, որ մինչեւ համահայկական մշակութային երրորդ փառատոն կհավաքենք մասնագիտական կատարողների մի խումբ»:

Փառատոնի հարցերով զբաղվող նախագահի խորհրդականը նաեւ ասաց, որ այս փառատոնը տարբերվեց նախորդ փառատոնից մարզերի ակտիվ մասնակցությամբ. «Այս անգամ նրանք ներկայացված էին պատվիրակություններով, որն ապահովեց համաչափ մասնակցությունը»:

Ի դեպ, բացի փառատոնից, ըստ Վիգեն Սարգսյանի, այս տարի «այլ զարգացումներ» եւս կան: Այս տարի անցկացվելու է Հայաստան-Սփյուռք համաժողովը, իսկ 2007թ.-ին կանցկացվեն համահայկական 4-րդ խաղերը` սպորտային խաղերը:

Հատկանշանակ է, որ բազմաթիվ թերություններով կազմակերպված փառատոնը ավարտից առաջ դեռեւս ֆինանսավորվում է պետբյուջեի կողմից: Այսօր կառավարությունն իր նիստում որոշել է 23 մլն 400 հազար դրամի լրացուցիչ ֆինանսավորում ապահովել «Մեկ ազգ, մեկ մշակույթ»-ին: