«Բա որ տեղը շուտ գիտեիք, ի՞նչ էիք անում մինչեւ հիմա» (տեսանյութ)
Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կարող է ուղղել երկրի դեմ ծառացած բոլոր խնդիրները. կարծում է ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը. «Ես նրան ճանաչում եմ երիտասարդ տարիքից, անգամ այդ ժամանակ տարբերվում էր բոլորից իր համակարգային մտածելակերպով: Իսկ հետո իր աշխատանքով ապացուցեց, որ ինքը լավագույններից մեկն է: Հույս ունեմ, որ նա կարող է Հայաստանը դարձնել Սինգապուր»: Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի համար մտահոգիչ է, որ այս ամենի մասին իշխանությունը մտածում է միայն ընտրությունների նախաշեմին. «Բերում եք մի վարչապետ, որ ամեն ինչ կուղղի, Սինգապուր կսարքի Հայաստանը, բա որ իր տեղը շուտ գիտեիք, ի՞նչ էիք անում մինչեւ հիմա»: Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ ինքը երբեք, արդեն նախկին կառավարության ջատագովը չի եղել. «Չեմ հավատացել նրանց, օլիգարխիայի ներկացուցիչներն էին հավաքվել, դա լավ չէր: Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանին, կարծում եմ միայն մենեջերական հատկանիշներով նա ոչինչ չի կարող անել: Խաղի կանոնների արմատական փոփոխություն է պետք: Եթե լինում ես վարչապետ, պետք է հասկանաս, որ պետք է պայքարես, ոչ թե ասես՝ էս չեն թողնում անեմ, էս չեն թողում անեմ»: Նոր վարչապետը Հայաստան կտեղափոխվի Ռուսաստանից, նա Երեւանի քաղաքապետի պաշտոնը լքելուց հետո տեղափոխվել էր Մոսկվա՝ աշխատանքի բերումով: Արդյո՞ք սա չի նշանակում, որ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա ավելի կշատանա. «Նա Հայաստանյան կադր է, Հայաստանում է կրթություն ստացած, նա ուղնուծուծով Հայաստանից է: Մի քանի տարի է՝ Ռուսաստանում էր, դա չի նշանակում, որ այնտեղի համար է աշխատելու»: Այս հարցում Ստեփան Սաֆարյանը արտասովոր բան չի տեսնում. «Չմտածեք, որ մեր բարձրագույն պաշտոնյաների ընտրության ժամանակ, օրինակ՝ վարչապետի, արտգործնախարարի կամ պաշտպանության նախարարի, Ռուսաստանի ներգործությունը չկա: Ես չեմ ասում իրենք են նշանակում, բայց Հայաստանում անպայման հաշվի են առնում, թե Մոսկվան ինչպես կընկալի դա»: Ինչ վերաբերում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի բացթողնումներին, որի պատճառով էլ, փաստորեն, նա հրաժարական տվեց, Մկրտիչ Մինասյանը այսպիսի մեկնաբանություն է տալիս. «Նրա գործունեությունն արդյունավետ էր, բայց արդյունավետ աշխատանքի իմաստով կային թերություններ, դրա համար փոփոխություններ եղան ու կլինեն»: