Գործարարները խաղողագործներին 1,5 մլրդ դրամի պարտք ունեն (տեսանյութ)
Դեռ նախորդ տարվա պարտքը չմարած՝ գործարարները պատրաստվում են մթերել այս տարվա խաղողի բերքը։ Խաղողագործներին նրանց պարտքը պաշտոնական տվյալներով կազմում է 800 մլն դրամ, իսկ ոչ պաշտոնականով՝ 1,5 մլրդ. է։ « Պարտքերի չափով հիմնականում 10-12 կազմակերպություններ են, բոլորը, բացի մեկ ընկերությունից վճարումներ իրականացնում են գրաֆիկով: Միայն Վեդի Ալկո ընկերությունն է, որ հիմնական մասը Աղավնաձորում է իրականացրել, շուրջ 150 մլն դրամի չի իրականացրել»,- ասում է Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Խաղողագործների միության նախագահը հակադարձում է. «Եթե երեք միլիոն դրամ Պռոշյանի գործարանն է պարտք մեր խաղողագործներին, եթե «Վեդի Ալկո»-յին պարտք ունենք, եթե Հայասի գործարանի պարտքը ունենք, եթե գումարենք 3 ձեռնարկությունների գումարը, պարոն Մակարյանի ասած գումարն է կազմում, բա մյուս ձեռնարկությունների պարտքերը չենք հաշվում»: Արմավիրի մարզի Նոր Ամասիա համայնքի խաղողագործ Սոխակ Հովհաննիսյանը մեկն է այն բազմաթիվ խաղողագործներից, որը չի ստացել նախորդ տարի հանձնած խաղողի գումարը.«Ասում են պայման ենք կապել, որ մեկ ամսվա ընթացքում կտանք, իրենք ասեցին դեկտեմբերի 31-ին կտանք, հետո փոխեցին մարտի 1-ով ապրիլի 1-ով, այսպես 1 -երով շարունակվեց մինչեւ այսօր: 3 մլն 700 հազար դրամ են պարտք»: Նախորդ տարվա խաղողի 147 տոննա բերքը իրացրել է տարբեր գործարաններում։ Այս պահին չի կարողանում ստանալ միայն Պռոշյանի գինու կոնյակի գործարանին հանձնած խաղողի գումարը: Խաղողագործը մտածում է բերքը այգուց գործարան չտանելու մասին։ « Ես պիտի ծախս անեմ, հասցնեմ գործարան, եթե գործարանը ինձ գումար չտա, այդ բանվորի գումարը ես որտեղից տամ, ես անցյալ տարի 3 մլն վարկ եմ վերցրել բանվորի գումար եմ տվել, ես առ այսօր տոկոս եմ փակել»,- ասում է Սոխակ Հովհաննիսյանը Գյուղնախարարությունում խոստանում են այս տարի ավելի ուշադիր հետեւել մթերման գործընթացին,որպեսզի գյուղացին հնարավորինս քիչ կորուստներ կրի։ Նրանց առաջարկն է խաղողագործին՝ բերքը գործարան հասցնելու առաջ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք բերել մթերվող բերքի վերաբերյալ։