Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԸ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ Է ՀՆԴԻԿՆԵՐԻՆ

Մարզեր

Այսօր պաշտոնական ճանաչողական այցով Գյումրի էին ժամանել ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Րինա Պանդեյը, դեսպանատան կոմերցիոն գծով կցորդ Հարվինդեր Սինգը: Պատվիրակության նպատակն էր ծանոթանալ Շիրակի մարզի արդյունաբերոթյանը, փոքր եւ միջին ձեռնարկություններին ու ժողովրդի կենսակերպին:

Պատվիրակությունն այցելությունը սկսեց Ազատանի «Իգիթ» կաթնամթերքի գործարանից: Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանը հյուրերին ներկայացրեց մարզի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակը: Րինա Պանդեյն այցելեց նաեւ Գյումրիի արդյունաբերական եւ արտադրական ձեռնարկություններ, ծանոթացավ «Հովբլիթ-Բրիք» եւ «Գեւորգ-Վահան» ՍՊԸ-ների արտադրանքներին: Դեսպանը հավանություն տվեց տեղի արտադրանքին եւ հույս հայտնեց, որ հետագայում համագործակցության կամուրջ կստեղծվի Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ:

Հյուրերը հանդիպում ունեցան նաեւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ, այցելեցին Գյումրիի ժողովրդական ճարտարապետության եւ կենցաղի թանգարան: Դեսպանի այցը եզրափակվեց Մարմաշենի վանական համալիր այցելությամբ:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ