ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԳԱԶԱՆ Է ՀԱՅՏՆՎԵԼ
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրիի Դեկաբրիստների փողոցում գազան է հայտնվել։ Կենդանու գոյությունն առաջինը զգացել են Սուսաննա Գեւորգյանն ու դուստրը։ Անհանգստացած բնակիչները կանչել են հարեւաններին՝ մտածելով, որ տանիքում օտար մարդ կա։ Հետո երեխայի լացի ձայնի նման ձայն է լսվել, եւ երեւացել է սկյուռանման կենդանին։
Սուսաննա Գեւորգյանը անցանկալի հյուրից ազատվելու համար դիմել էր տարբեր կառույցների ու անհատների: Որսորդները տիկնոջը տեղեկացրել էին, որ իրենք ոչ մի գնով կենդանուն չեն սպանի, քանի որ մորթին թանկարժեք է։
Որոշակի պատասխան չէր ստացել նաեւ մարզպետարանում: Այնուհետեւ այցելել էր սանէպիդկայան, որտեղից Սուսաննային ուղարկել էին, ինչպես ինքն է ասում, կրծողների վարիչի մոտ, այսինքն «Գյումրիի կանխարգելիչ ախտահանում» դուստր փակ բաժնետիրական ընկերություն, որտեղ տեղեկացրեցին, թե իրենք կիրառում են միայն թունաքիմիկատներ, որոնք տվյալ դեպքում այդ կենդանու վրա չեն ազդում: Տիկին Սուսաննան այցելել էր նաեւ քաղաքապետարանի բնակկոմունալ բաժին։ Բնակիչները չգտնելով ոչ մեկի աջակցությունը, դիմել են պաշտպանության իրենց մեթոդներին. փորձել են բռնել վանդակի եւ նետաձիգի օգնությամբ։
Պարզվում է, որ սկյուռանման շագանակագույն կենդանին բավականաչափ վնասել է տարածքի բնակիչների ընտանի թռչուններին: Պատասխանատուները քայլեր չեն ձեռնարկում։ Բոլորն ենթադրում են, որ գազանիկն հավանաբար աքիս է:
«Ցայգ» ՀԸ