Կալանավորված անձանց հանձնուք կարելի է փոխանցել արդեն առցանց
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ առցանց պատվերի ծառայությունն արդեն հասանելի է ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների համար: Հայտնում ենք նաև, որ քրեակատարողական ծառայությունում ընթացող համակարգային բարեփոխումների շրջանակներում ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով 2016 թվականի մարտի 11-ից ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում արդեն իսկ մեկնարկել է կալանավորված անձանց և դատապարտյալներին առցանց եղանակով ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ փոխանցելու գործընթացը: Շահագրգիռ անձինք կարող են առանց քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ հանձնուքների փոխանցման գործողությունն իրականացնել նաև առցանց եղանակով՝ օգտվելով քրեակատարողական ծառայության պաշտոնական www.ced.am կայքէջից: Առցանց պատվեր կատարելու եղանակի մասին անհրաժեշտ տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով վերոնշյալ կայքէջ: