Եվրամիության 20 մլն եվրոն՝ ՀՀ գյուղատնտեսության զարգացմանը
Չնայած աձրևային եղանակին, առավոտյան Անգլիական այգին արդեն իսկ բազմամարդ էր։ Արդեն երրորդ անգամ անցկացվում է «Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոն», որը միավորում է 100 ֆերմերային խմբերի, անհատ ձեռներեցների Հայաստանից և Վրաստանից։ Վահրամ Ղազարյանը մշակում է օրգանական սերտիֆիկացված մոշ, ազնվամորի և դամասկոսյան վարդ, Եվրամիության Ավստրիական զարգացման բանկի գյուղատնտեսությանը վերաբերող ծրագրի հաղթող և շահառու է, ինչը հնարավորություն է տվել մասնակցել փառատոնին։ Իսկ Երփին գյուղի բնակիչ Արթուր Նազարյանը կաթնամթերքի արտադրությունն իրականացնում է ՄԱԿ-ի` «Enpard» ծրագրի աջակցությամբ և մասնակցելու հրավերը ստացել է Գյուղատնտեսության նախարարության կողմից։ Փառատոնի նպատակը օրգանական մթերք արտադրողների և գնորդների միջև համագործակցության հաստատումն է։ Բացի այդ, մասնակիցներին կտրվեն նվերներ և մրցանակներ՝ «Լավագույն կին ֆերմեր», «Լավագույն ֆերմերային խումբ», «Լավագույն ձեռներեց » անվանակարգերում։ «Այս փառատոնը ոչ միայն գեղեցիկ միջոցառում է ցուցադրելու և, ի վերջո, նպաստելու գյուղմթերքի իրացմանը, այլ նաև առիթ՝ բարձր գնահատելու գյուղատնտեսության դերը երկրի զարգացման համար։ Մենք 20 մլն եվրոյից ավել նախատեսել ենք Հայաստանի գյուղատնտեսական օգնությանը, օրերս ստորագրեցի ևս 7 մլն-ի ծրագիր։ Բացի այդ, մենք՝Ավստրիական զարգացման գործակալության հետ համատեղ, Հայաստանում իրականացնում ենք օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագիր, որի արժեքը 3 մլն եվրո է»,-նշում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։ Փառատոնի բացմանը ներկա էին նաև Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, ՀՀ Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության արտաքին օգնության/ համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը։