Այս տարի կլինի ամենաքիչ բյուջեով Էրեբունի-Երեւանը (տեսանյութ)
Երեւանի Քաղաքապետարանը որոշել է նախորդ տարվա համեմատ կրկնակի նվազեցնել Էրեբունի- Երեւան տոնակատարության համար նախատեսվող բյուջեն: « 2016 թ էրեբունի-Երեւան տոնակատարության մասով ավագանու կողմից հաստատված բյուջեով 130 մլն դրամ էր հաստատված, սակայն ծախսվելու է 65 մլն միջոցառումների համար: Նախորդ տարիներին եղել է 90, 120 եւ 130 մլն դրամ: Համենայն դեպս՝ վերջին տարիներին ամենաքիչ բյուջեով իրականացվող Էրեբունի-Երեւանն այս տարի է»,- այսօր Երեւանի քաղաքապետարանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը: Երեւանում չի լինի շքերթ, Երեւանի քաղաքապետարանի դիմացի միջոցառումը եւ Գալա համերգը: Տոնակատարությունն էլ կունենա իր սոցիալական ուղղվածությունը՝ միջոցները կուղղվեն հաշմանդամություն ունեցող, վիրավոր եւ զոհված ազատամարտիկների ընտանիքներին: «Այդ տրամաբանությամբ է պայմանավորված, որ այս տարի Էրեբունի-Երեւան տոնակատարությունը կլինի ավելի քան զուսպ»,- ասաց փոխքաղաքապետը: Ի դեպ, այս տարի տոնակատարությունը տեղի կունենա միայն հոկտեմբերի 8-ին՝ «Արեւի քաղաք» կարգախոսով: Վաղվանից էլ կմեկնարկի սոցիալական ծրագիրը: 2798 սոցիալապես անապահով ընտանիքներ կստանան նվերներ: