«Հայաստանում զարգացած չէ ռազմական հոգեբանությունը» (տեսանյութ)

Վերջին երկու տարվա ընթացքում որոշակի փոփոխություններ են կատարվել գիտական ատենախոսությունների պաշտպանության ոլորտում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԲՈՀ-ի նախագահի տեղակալ Ատոմ Մխիթարյանը նշեց, որ իրենք քննարկում են արել կրթության նախարարության եւ գիտության մարդկանց հետ եւ նոր չափանիշեր սահմանել գիտական աստիճանաշնորհման կանոնակարգում. «Գիտությունների թեկնածուի համար անհրաժեշտ է առնվազն երեք գիտական հոդված ունենալ, որոնք պիտի տպագրված լինեն միջազգային որեւէ ամսագրում: Ըստ էության, սա որեւէ բան չի փոխել բնագիտության, ֆիզիկայի, մաթեմատիկայի ոլորտի ներկայացուցիչների համար, սակայն հումանիտար գիտությունների համար դա լուրջ խնդիր է, ուստի որոշվեց նրանց համար սահմանել մինչեւ վեց հոդված, որոնք պարտադիր չէ, որ տպագրված լինեն միջազգային ամսագրերում»: Հանդիպմանը ներկա հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանն էլ անհանգստություն հայտնեց, որ Հայաստանում հոգեբանական մի շարք գիտություններ զարգացած չեն: «Օրինակ՝ ռազմական հոգեբանությունը, որն այդքան անհրաժեշտ է պատերազմական իրավիճակում, զոոհոգեբանություն, նեյրոհոգեբանություն, տնտեսական հոգեբանություն, հոգելեզվաբանություն, արվեստի հոգեբանություն. այս ոլորտներում գոնե մեկ թեկնածու չունենք»,-նշեց նա: Հարցին, թե ինչով է դա պայմանավորված, հոգեբանը նշեց, որ Խորհրդային միության տարիներին այդ գիտության ճյուղերի պաշտպանությունը ֆինանսավորվում էր, բայց ԽՍՀՄ փլուզումից հետո դա վերացավ. «Անհնար է, որ այս ոլորտներում կարողանանք ինչ-որ բան անել: Միգուցե պետք է լուծում գտնել մեր Սփյուռքի միջոցով»: