«Միայն ես եմ զգում օրենքները». Գալուստ Սահակյան (տեսանյութ)
ԱԺ քառօրյային այսօր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ 5-րդ գումարման այս ԱԺ-ն լիարժեք չկարողացավ հանրությանը ծառայել ու իր պարտականությունները կատարել: Նա հիշեցրեց, որ երկու նախագիծ էր դրել շրջանառության մեջ, որոնք առանց պատճառաբանության մերժվել են. «Մեկը հանրահայտ մարզպետ Սուրիկ Խաչատրյանին վերաբերող նախագիծն էր, մյուսը՝ ժողովրդի ապստամբության իրավունքին էր վերաբերում: Այս նախագծերը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մերժել է դնել շրջանառության մեջ՝ օգտագործելով իր կամայական հնարավորությունները: Դրա համար Գալուստ Սահակյանը պետք է պատասխանատվության կանչվի. միգուցե հիմա մեր դատական համակարգը ադեկվատ չի արձագանքում, սակայն իմացեք՝ այլեւս նաեւ դուք պետք է կանչվեք պատասխանատվության»: Գալուստ Սահակյանը չարձագանքեց: ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ. «Պարոն Սահակյան, դուք նոր եզերքներ եք բացում համաշխարհային ԱԺ տիեզերքում՝ ԱԺ նախագահը հրաժարվում է պատգամավորի նախագծերը դնի շրջանառության մեջ: Դուք ոչ ՍԴ եք, ոչ էլ առաջին ատյանի դատարան, եթե պատգամավորը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնություններով, ապա ԱԺ-ն պետք է դիրքորոշում արտահայտի: Ձեր գործողությունները Զարուհի Փոստանջյանի նախագծերի վերաբերյալ անառարկելիորեն հակաօրինական են»: «Բոլորդ Սահմանադրությունը շատ լավ զգում եք, բոլոր օրենքները զգում եք, բացի ինձնից, ես լրիվ հակառակը կասեմ՝ միայն ես եմ զգում՝ դուք պիտի կարողանաք կարգին ձեւով ենթարկվել»,- փորձեց հումոր անել Գալուստ Սահակյանը: Իսկ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը հարցով դիմեց Գալուստ Սահակյանին. «Խնդրում եմ տվեք, բայց ստույգ տվեք հարցիս պատասխանը՝ ի՞նչ պատճառով Հանրային հեռուստատեսության եթերից ԱԺ հայտարարությունների ժամին, կառավարության հետ հարցուպատասխանին միշտ հանում են իմ հարցապնդումները»: «Հանրայինը մեզ չի ենթարկվում, ոչ էլ ինձ են ցույց տալիս. հեռուստատեսությունն իր գործն է կատարում»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը: Իսկ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ այդ մասին նույնիսկ ՍԴ որոշում կա, որ չի կատարվում. «ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց ԱԺ կողմից իմպերատիվ այդ պարտադրանքը: Մենք մրցույթը հայտարարեցինք՝ հեռարձակման համար, սակայն հեռուստաընկերությունները չեն մասնակցում»: