Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՎԵՐԱՑՎԱԾ ՉԵՆ

Մարզեր

Գյումրիում երկրաշարժի հետեւանքով անօթեւան դարձած դեռեւս 4000 ընտանիք կա։ Քիչ չեն նաեւ այն ընտանիքները, որոնք տարբեր պատճառներով վաճառել են բնակարաններն ու մնացել անօթեւան: Նմանատիպ խնդրի առաջ են կանգնած շատ փախստականներ: Դեռեւս հստակեցված չէ, թե բնակարանային նոր ծրագրի իրականացման դեպքում առաջնահերթությունը որ ընտանիքներին է տրվելու։ Ենթադրվում է, սակայն, որ հնարավոր կլինի հանրապետությունում լուծել մոտ 500 ընտանիքի բնակարանային խնդիր:

ՄԱԿ-ի հովանու ներքո գործող «Հաբիթադի» գրասենյակն ամբողջ աշխարհում իրականացնում է բնակարանաշինական ծրագրեր: Գյումրիում բնակարանաշինական նոր ծրագիր իրագործելու նպատակով այսօր «Հաբիթադի» եվրոպական եւ ասիական պետությունների ներկայացուցիչներն այցելել էին Գյումրի։ Նպատակն էր տեղում ծանոթանալ քաղաքում առկա բնակարանային խնդրին ու մարզային իշխանությունների հետ համատեղ գտնել հնարավոր տարբերակը՝ օժանդակելու անօթեւան ընտանիքներին:

Գյումրիում առկա բնակֆոնդը, մասնավորապես, Լինսի, Կարմիր Խաչի, Նորվեգական կառավարության միջոցներով կառուցված բնակելիներն ուսումնասիրելուց հետո աշխատանքային խումբը որոշում կկայացնի Գյումրիում ծրագիրը կյանքի կոչելու վերաբերյալ։