2.8 մլն դրամ, նախարարների երեխաներ, «մեկ վերնաշապիկով» ավարտածներ՝ «Այբ»-ում
2010 թվականի հունվարին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց «Այբ» կրթական հիմնադրամին տրամադրել 6.5 հեկտար տարածք, իսկ մեկ տարի անց բացվեց «Այբ» դպրոցը:
Հաղթանակներ՝ ռոբոտաշինության մրցույթներում, ստեղծված հանրահայտ բջջային հավելվածներ, նվաճումներ մշակույթի ոլորտում և այլ հաջողություններ՝ հինգ տարվա ընթացքում:
Դպրոցն այս ուսումնական տարի 360 աշակերտ ունի, ըստ հաստատության տնօրեն Արամ Փախչանյանի՝ այս թիվը ստատիկ վիճակում է, արտագաղթի պատճառով որոշ աշակերտներ հեռանում են, նրանց փոխարեն գալիս են նորերը:
2.800. 000 դրամ. ահա այսքան է ուսման վարձն «Այբ» դպրոցում։
«Այբ»- ը ֆինանսական շահ չհետապնդող կառույց է, մենք հիմնադրամ ենք և փորձում ենք Հայաստանում կրթական նոր մշակույթ ստեղծել, և որը ստացվում է։ Մենք ցանկանում ենք, որ դպրոցում սովորի բավարար գիտելիքներ ունեցող ցանկացած երեխա, այս տարի ավագ դպրոցի աշակերտների 70%- ը սովորում է բարերարների օժանդակությամբ, եթե երեխայի ընտանիքը պատրաստ է նրա ուսման համար վճարել 2.800. 000 դրամ, ապա թող վճարի, իսկ այն երեխաները որոնք վճարունակ չեն, սովորում են բարերարների օժանդակությամբ»,- նշում է «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը:
Նշենք, որ կրթաթոշակային ծրագրերից կարող են օգտվել միայն ավագ դասարաններում սովորողները, սակայն հիմնադրամի գործադիր տնօրենի հավաստմամբ՝ իրենք ամեն ինչ անում են, որ տարրական և միջին դասարանների աշակերտները ևս կարողանան ուսանել «Այբ» - ում՝ անկախ ընտանիքի ֆինանսական վիճակից:
«Շատերն ասում են, որ «Այբը» հարուստների դպրոց է, և այստեղ սովորում են նախարարների երեխաները։ Այո, ունենք հարուստ ընտանիքներից երեխաներ, սակայն նրանց կողքին ունենք աշակերտներ, որոնք դպրոց ընդունվել և ավարտել են «մեկ վերնաշապիկով» , իսկ դպրոցում տիրող միջավայրի շնորհիվ ապահով և ոչ վճարունակ ընտանիքների երեխաներն ընկերություն են անում, նկատու՞մ եք որևէ տարբերություն աշակերտների հագ ու կապի և պահելաձևի մեջ, չեք տեսնի, այստեղ հավասարության մթնոլորտ է տիրում»,- ասում է դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը:
[caption id="attachment_1490876" align="alignnone" width="500"]
Արամ Փախչանյանը[/caption]
Ըստ հոգաբարձուների խորհրդի անդամների՝ բոլոր այն չարախոսությունները, թե իրենք բարերարների փողերն են ուտում, պարզապես հերյուրանքներ են և ոչ ավելին. «Բարերարների նվիրաբերած գումարներով ավագ դպրոցի երեխաների մեծամասնությունը հնարավորություն ունի ուսանել մեզ մոտ», - նշում է հաստատության տնօրենը:
Մեր զրույցին զուգահեռ «Այբ»- ի դահլիճում սկսվել էր դպրոցի կազմակերպած հերթական միջոցառումը։
«Այսօր երեխաներին տուն տանող ավտոբուսների վարորդներին խնդրել եմ մեկ ժամ ուշ գալ, որպեսզի երեխաները մնան ներկայացմանը, իհարկե, ես սխալ եմ վարվել, երեխաներին մնալ պարտադրելով, բայց դե ո՞ր մեկս չի սխալվում», - կատակում է Արամ Փախչանյանը:
«Ա1+»- ի հյուրընկալությունն ավարտվեց թեյի հյուրասիրությամբ և կրկին հանդիպելու ակնկալիքով: