«Սասնա ծռերը» հաց կստանան «Հաց բերողի» անունից (տեսանյութ)
«Սասնա ծռեր» խմբի անդամներին հաց հասցրած Արթուր Սարգսյանին այսօր հաց էին տարել սովորական քաղաքացիները։ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ բազմամարդ էր։ «Հաց բերողին ենք հաց բերել» ակցիայի կազմակերպիչը Դավիթ Սանասարյանն էր, որը եւս 20 օր անցկացրել է անազատության մեջ «Սասնա ծռերին» զորակցող հավաքներից հետո։
«Առանձնացնեմ բոլորից, ասեմ՝ Արթուրը խղճի բանտարկյալ է: Արթուրն արեց այն, ինչ մենք բոլորս չկարողացանք անել, որի արդյունքում եղան բախումներ: Մենք չկարողացանք միջազգային կազմակերպություններով այդ հարցը լուծենք, որ սնունդ հասցնենք: Արթուրն իր գլուխը կախ իր գործը արեց, ու հիմա նա մեր բոլորիս խիղճն է»,-ասում է Դավիթ Սանասարյանը:
Էրեբունու ՊՊԾ գնդի գրավումից հետո՝ ի պաշտպանություն «Սասնա ծռերի» հավաքներն ավելի բազմամարդ դարձան, երբ հայտնի դարձավ, որ պատանդ պահված ոստիկանների ազատ արձակումից հետո նրանց սնունդ չի տրամադրվում։ Ազատամարտիկ Արթուր Սարգսյանը հուլիսի 26-ին, ճեղքելով ոստիկանական պատը, իր մեքենայով սնունդ հասցրեց ՊՊԾ գնդում գտնվողներին
«Արթուրն արել է մի բան, ինչը ես ինքս իմ ծնողի համար չեմ արել: Պարտավորված եմ զգում իր առաջ»,-ասում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանի դուստրը՝ Զարուհի Հակոբյանը։
Արթուր Սարգսյանի հարազատները խուսափում են տեսախցիկի առաջ խոսելուց: Հայրն ասում է՝ այսքան խոսելուց հետո իմաստը ո՞րն է: Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել զինված խմբին օժանդակելու մեջ։ Չնայած նա առողջական խնդիրներ ունի, դատարանը հրաժարվել է նրա խափանման միջոցը՝ կալանքը փոխել։
«Ես ոչինչ չեմ ակնկալում: Ես ուղղակի խիղճս հանգիստ լինելու համար եկել ու մասնակցում եմ այս ակցիային, որովհետև կարծում եմ, որ Հաց բերողի տեղն այստեղ չէ»,-ասում է երաժիշտ Եղիշե Պետրոսյանը։
Ծխախոտ, քաղցրավենիք, լավաշ. այսպես ցուցակագրվում են ու լցվում տոպրակի մեջ. հանձնուքը պատրաստ է: Մեծ մասը կհասնի Արթուր Սարգսյանի խցիկ։ Նախաձեռնության կազմակերպիչ Դավիթ Սանասարյանը հավելում է՝ մնացած մասն էլ կուղարկվեն «Սասնա ծռերին» մյուս անդամներին՝ հենց Արթուր Սարգսյանի անունից: