ԱԺ հարցուպատասխան. Ռամազոտիի չկայացած համերգից մինչև սպառողական զամբյուղ (տեսանյութ)
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այսօր ԱԺ-ում պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հետաքրքրվեց «Գազպրոմ-Արմենիա»-ին «Երեւան» ՋԷԿ-ի՝ 2015թ. ունեցած պարտքի մասին. «Ինչքա՞ն է կազմում պարտքը, ինչպե՞ս է այն առաջացել, ինչպե՞ս է պատրաստվում կառավարությունը մարել այն, եւ արդյոք պարտքի դիմաց «Գազպրոմին» կհանձնվի՞ ՋԷԿ-ը»: Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նշեց, որ պարտքը կազմում է 35 մլն դոլար, որը գոյացել է օգտագործված բնական գազի դիմաց չվճարումների հետեւանքով. «Կառավարությունը չի քննարկում ու չի պատրաստվում քննարկել ՋԷԿ-ը օտարելու մասին հարցը: Իսկ ինչպե՞ս մարել պարտքը։ «Գազպրոմ-Արմենիա»-ի հետ քննարկումներ ենք ունենում՝ պարտքը գույքով փակելու հնարավորությունների մասին: Խոսքը վերաբերում է գազաբաշխիչ ցանցերին ու խողովակաշարերին»: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հարցն էլ վերաբերում էր կենսաթոշակներին. «Այսօր ՀՀ-ում 198 մլրդ դրամ է կազմում կենսաթոշակային ֆոնդը, եւ ունենք 462 հազար կենսաթոշակառու: Սպառողական զամբյուղին նրանց ծախսերը մոտ բերելու համար անհրաժեշտ է 290 մլն դրամի հավելյալ գումար, որը կխթանի սպառումը եւ կնպաստի տնտեսական զարգացմանը: Եթե պետական բյուջեի կողոպուտը դադարի, ապա հնարավոր կլինի բարձրացնել կենսաթոշակները: Եթե չեք պատրաստում թոշակների բարձրացում անել, ապա սա խոսում է կառավարության կապիտուլյացիայի մասին»: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ի պատասխան ասաց, որ սոցիալական ծախսերը պետական բյուջեի շուրջ երեսուն տոկոսն են կազմում. «Վերջին տարիներին 15 տոկոսով ավելացվել է միջին կենսաթոշակը: Իհարկե, սա բավարար չէ: Խնդիրները վերաբերում են առաջին հերթին նրան, որ ծերացող հասարակություն ունենք»: ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը խոսեց Էրոս Ռամազոտիի՝ չկայացած համերգի այդպես էլ չվերադարձված գումարների մասին. «Ես ինքս առնչվել եմ այդ խնդրի հետ ու ինձ երկու անգամ խաբել են գումարի վերադարձման հետ կապված: Այս հարցը պետք է նաեւ իրավապահ մարմիններին ուղղվի, քանի որ այստեղ շատ լուրջ կոռուպցիոն հարցեր եւս կան: Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ լծակներ ունենք՝ այս կազմակերպությանը պատժի ենթարկելու համար»: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ի պատասխան ասաց, որ որքան էլ մասնավոր հարց է, սակայն տարածված խնդիր է ու վերաբերում է շատ պարզ իրավական կարգավորմանը, այն է՝ պարտականությունների չկատարում կամ ոչ պատշաճ կատարում, դրա համար պետք է վրա հասնի իրավական հետեւանքներ՝ գումարների վերադարձելիության հետ կապված. «Եթե կողմերը չեն գալիս համաձայնության, ապա դրա համար գործում է դատական մեխանիզմ բռնագանձման համար»: