Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՎ` ԱՆՏԱՐԲԵՐ ԴԱՐՁԱՆՔ

Մշակույթ

Երգչուհի Շուշան Պետրոսյանը անկախության տասնհինգամյակին նվիրված տոնակատարություների սկիզբն իր համար արդեն բացված է համարում: Նա վերջերս է ելույթ ունեցել Հայաստանի տարբեր մարզերի զորամասերում եւ ասում է, որ սա առաջին հերթին հայոց բանակի տոնն է, իսկ մեր զինվորը պիտի զգա իր անկախության արժեքը:

«Անկախությունն ի թիվս այլ բաների մեզ բանակ է տվել: Սա ինձ համար իսկապես տոն է, եւ ես ուզում եմ այն նշել, որովհետեւ միշտ հպարտացել եմ, որտեղ էլ եղել եմ, հայ մշակույթը հպարտությամբ եմ ներկայացրել»,- այսպես բնորոշեց անկախության 15 ամյակը երգչուհի Շուշան Պետրոսյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ: Անկախության տասնհինգամյա տարեդարձի նախօրեին հաճախ հնչող «Ի՞նչ է տվել անկախությունը մեզ» պատասխանն էին այսօր փորձում գտնել «Հայելի» ակումբում երգչուհիներ Շուշան Պետրոսյանը եւ Անահիտ Մխիթարյանը: Վերջինս անկախության շրջանի ամենամեծ ձեռքբերումը համարեց այն, որ մենք դարձել ենք ավելի ինքնավստահ եւ սեփական երկրի անունը դրսում կարող ենք հպարտորեն արտասանել:

Օպերային երգչուհին պատմում է, որ 1989թ-ին Իսպանիայում միջազգային մրցույթի ժամանակ ստիպված է եղել հաղորդավարին խնդրել, որ իրեն ներկայացնեն ոչ թե որպես Խորհրդային Միության ներկայացուցիչ, այլ` Հայաստանի: «Ես հիշում եմ, թե ինչքան տհաճ էր, երբ ծրագրում իմ անվան դիմաց կարդացի` Սովետական միություն: Երբ հաղորդավարին խնդրեցի փոխել երկրի անունը, զարմացավ, թե ինչպես կարող էին այդպիսի կոպիտ սխալ թույլ տալ»,-պատմում է երգչուհին: Երգչուհիները անկախության 15ամյակը կարեւորեցին նաեւ իրենց ստեղծագործության ուղու կայացման առումով:

«Եթե ինչ-որ կայացման հասել եմ, ապա այդ ձեռքբերման վկաներն այս տասնհինգ տարիներն են»,- ասում է Շուշան Պետրոսյանը: Նախատոնական տրամադրությունը չփչացնելու համար երգչուհիները աշխատեցին կենտրոնանալ հաջողությունների վրա, իսկ թերացումներից նշվեց երկուսը: Շուշանի Պետրոսյանի համար ցավալի է, որ անկախության շրջանում մարդիկ անտարբեր դարձան միմյանց նկատմամբ, իսկ Անահիտ Մխիթարյանը նշեց, որ հիմա արվեստագետները չափազանց անպաշտպան են: «Անտարբերությունը շատ է քաղաքում: Ոչ թե պետք է սրճարաններում բամբասել, այլ եթե ունեն խնդիրներ` նստենք լուծենք»,-առաջարկեց Շուշան Պետրոսյանը:

«Գուցե պետության համար էլ դժվար է, չգիտեմ: Բայց կան մարդիկ, որ մեծ փողեր են ծախսում երգարվեստում, բայց չգիտեն, որտեղ է ճիշտ ներդրում անելը»,-նշում է օպերային երգչուհին:

Օրհներգի թեման, ինչպես եւ կարելի էր սպասել, ասուլիսի ընթացքում չշրջանցվեց: Տարբեր ժանրեր ներկայացնող երգչուհիները, պարզվեց, այս հարցում համակարծիք են. հինգ տարբերակից անկախ Հայասատանի նոր օրհներգի կոչմանն արժանի է Տիգրան Մանսուրյանի երաժշտության եւ Եղիշե Չարենցի բառերի համադրմամբ ստեղծված երգը: