«Եթե չմիավորվենք, ընդդիմությունը մի փոքր յարուսում կլինի» (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր շարունակվեց ԿԸՀ նախագահի եւ անդամների թեկնածության հարցը, սակայն բոլոր ելույթները վերաբերում էին անցկացված ՏԻՄ ընտրություններին: Ելույթ ունենալով՝ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն պատրաստ է ընդդիմության հետ միասնական հանդես գալ ու որոշակի կոնսոլիդացիա ցույց տալ. «Եվ նաեւ ուզում եմ հիշեցնել՝ ժողովուրդը ձայն է տալիս այն քաղաքական ուժերին, որոնք կենսագրություն ունեն ու կենսունակ ծրագրեր»: ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե չէր ցանկանում ելույթ ունենալ, սակայն նախորդ ելույթներում անդրադարձ եղավ նաեւ իրենց կուսակցությանը եւ այդ պատճառով ասելիք ունի. «Երկար ժամանակ կար այն միֆը, թե ԿԸՀ-ում նկարչությամբ են զբաղվում, սակայն հիմա հասկացա՝ եթե ՏԸՀ-երում ունես մարդ ու պահում են ձայնը, այդ միֆը գոյություն չի ունենում այլեւս: Որտեղ որ մենք մասնակցել ենք, ունեցել ենք վստահված անձինք, մեզ ուղղված ձայները եկել, հասել են տեղ, այլ բան է, որ ՀՀԿ-ի ձայները շատ են եղել՝ դա այլ քննարկման առարկա է՝ միգուցե նրանց շատ են սիրում կամ վարչական ռեսուրս է եղել, կամ փող են բաժանել»: Նա անդրադարձավ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մագարյանի ելույթին, որի ժամանակ նա Լուսավոր Հայաստան կուսակցությանն անվանել էր Լուսավոր կետեր. «Մեր կուսակցության անունը Լուսավոր կետեր չէ: Պարոն Մարգարյանի ասածի մեջ ինչ-որ բացասական բան կար, սակայն քաղաքական մշակույթի տեսանկյունից լավ կլիներ, եթե հարգալից լինենք միմյանց նկատմամբ: Հովհաննես Մարգարյանը նաեւ հրճվանքով ուրախանում է, թե այ տեսեք, Սյունիքում ԼՀԿ թեկնածուն չի հաղթել, ընդամենը 173 ձայն է հավաքել, էդ եք դուք: Ես մի բան ունեմ ասելու՝ մեր թեկնածուն խիզախ մի կին է՝ Սրբուհի Գրիգորյանը եւ կոչ կանեմ մյուս ուժերին՝ մի անգամ մի տեղ առաջադրվեք, որ առանց փող բաժանելու ու կարուսել անելու, առանց բարեկամների, հաղթեք, այն ժամանակ միայն իրավունք կունենաք նման կերպ խոսելու, քանի որ մեր թեկնածուներն այնպեսի տեղերում են առաջադրվել, որտեղ կարգուկանոն չի գործում»: Ըստ նրա՝ անցկացված ՏԻՄ ընտրությունները շատ մեծ հետեւություններ անելու առարկա էին ընդդիմադիրների համար. «Եթե ընդդիմադիր դաշտում չեղավ ներառական պրոցես, եթե շարունակեց չմիավորվելու, չհամագործակցելու համար փնտրել նախկինում արված ինչ-որ բաներ, ապա ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ն սկսվելու է դահլիճի մի ծայրից ու ավարտվելու մյուս ծայրում, ու ընդդիմությունը մի փոքր յարուսում կլինի: Կարեւոր է, որ դասեր քաղենք այս ամենից: Ես իմ անցած ճանապարհի համար խնդիր չունեմ. չորս տարի է՝քաղաքականության մեջ եմ ու ինչ արել եմ, չեմ փոշմանել: Ուզում եմ ասել՝ պետք է մի կողմ դնել ընդդիմադիր դաշտի տարաձայնությունները, քանի որ ավելի բարձր նպատակներ կան»: «Կխնդրեմ՝ ավելի շատ նախագծից խոսել, քան ձեզ մտահոգող հարցերից»,- հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: