Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացած զինվորի հետ նախորդ օրվա հեռախոսազրույցը պահպանվել է (տեսանյութ)

Հասարակություն
zinvor

Տավուշի մարզի զորամասերից  մեկի խրամախորշում ծնոտի շրջանում հրազենային մահացու կրակոց ստացած Արսեն Մխիթարյանի գործով երեք ամիս է անցել, սակայն մահվան պատճառները դեռեւս  հայտնի չեն: Այսօր լրագրողներին ահազանգեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը: Մահվան օրը՝ հուլիսի 3-ին, հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով եւ ձեւավորված  քննչական խմբում  ընդգրկվել են 5 քննիչներ: «Այս երեք ամիսների ընթացքում  տուժող կողմի մոտ վարույթն իրականացնող մարմնի նկատմամբ  ձեւավորվել է անվստահության մթնոլորտ, քանի որ նախաքննության ընթացքը արդյունավետ չէ»,- ասաց պաշտպանը: Այդ իսկ պատճառով   տուժող կողմը իր նախաձեռնությամբ մեկնել է դեպքի վայր եւ զրուցել դեպքի օրը այնտեղ գտնվող զինծառայողների հետ:  «Արդյունքները, որոնք մենք ձեռք ենք բերել խոսում են մի բանի մասին, մահվանը նախորդող ժամանակահատվածում Արսեն Մխիթարյանը ունեցել է լուրջ հոգեբանական խնդիրներ, եղել է ճնշված վիճակում եւ ունեցել է որոշակի խնդիրներ զինվորների հետ», -ավելացնում է Նորայր Նորիկյանը: Այդ ամենի մասին տուժող կողմը իրազեկել է վարույթն իրականացնող մարմնին՝ միջնորդելով ձեռնարկել համապատասխան քայլեր: Սակայն քննչական խումբը ոչինչ չի կատարել:  Դրանից հետո տուժողի իրավահաջորդն ու նրա  ներկայացուցիչը օգոստոսի 30-ին դիմում են ներկայացրել գլխավոր դատախազի պաշտոնակատար Արթուր  Դավթյանին, ինչպես նաեւ ՀՀ զինվորական դատախազին՝ քննչական խմբին բացարկ հայտնելու համար: « Արսեն Մխիթարյանի գործով կան մեղավորներ, այդ մեղավորները մինչ օրս հայտնաբերված չեն: Ավելին, տուժող կողմը խորը կասկածներ ունի, որ ենթադրյալ մեղավորը կամ մեղավորները, կարող են ունենալ ազդեցիկ հովանավոր կամ հովանավորներ, այդ թվում զինված ուժերում բարձրաստիճան սպաների կարգով , ովքեր անում են հնարավորը, կամ ցուցաբերում շահագրգռվածություն Արսեն Մխիթարյանի մահվան իրական հանգամանքները չբացահայտելու համար:  Երկրորդ՝ տուժող կողմի մոտ ձեւավորվել է այնպիսի վերաբերմունք, որ անկախ նրանից, թե վարույթն իրականացնող մարմնին ինչ բովանդակությամբ հիմնավորումներ եւ միջնորդություններ կներկայացվեն,  եւ անկախ նրանից,  թե ինչ քննչական գործողություններ կիրականացվեն, միեւնույնն է վարույթն իրականացնող մարմնի մոտ շարունակելու է գերակայել այն համոզմունքը, որ Արսեն Մխիթարյանի գործում որեւէ մեկը մեղավոր չէ, հետեւաբար իրենք որեւէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում չեն իրականացնի»,- ավելացրեց փաստաբան Նորայր Նորիկյանը: Ի դեպ, Արսենի ծնողները չեն հավատում, որ իրենց 19 ամյա որդին կարող էր ինքնասպանություն գործել, քանի որ նա շատ էր սիրում կյանքը: Արսենը սովորում էր Երեւանի պետական բժշկական համալսարանի երկրորդ կուրսում: Դեպքի նախորդ օրը հարազատները հեռախոսազրույցներ  են ունեցել Արսենի հետ, որոնք նաեւ ձայնագրվել են, սակայն դրանց բովանդակության  մասին առայժմ Նորայր Նորիկյանը նախընտրում է լռել: