Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տղամարդկանց աշխարհում աղջիկների համար ավելի  բարդ  է (տեսանյութ)

Հասարակություն
axjikner

Հայկական ընտանիքներում տղա երեխայի նախապատվությունը մոտ 6 անգամ ավել է՝ աղջիկ երեխայի համեմատ: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետազոտության տվյալներն են, բայց  մեր համաքաղաքացիները հակառակն են պնդում: «Երկրորդն էլ է աղջիկ, շատ ուրախ ենք, կապ չունի, կարևորը առողջ լինի»,-ասաց հայրիկներից մեկը: «Իմ տղայիս առաջնեկն աղջիկ է, տարբերություն չէինք դնում՝ աղջիկ պիտի լինի, թե տղա, կարևորը մեր ազգը շատանա, կապ չունի՝ տղայի միջոցով է, թե աղջկա: Հետո տղաս զույգ տղա ունեցավ, ճիշտ է՝ քույրիկը խանդում էր սկզբից զույգ եղբայրներին, բայց հետո հասկացավ, որ մենք առաջինն իրեն ենք սիրում, նոր տղաներին»,-նշեց մի տատիկ: Հոկտեմբերի 11-ը Աղջիկ երեխաների միջազգային օրն է:  ՄԱԿ-ի զեկույցների համաձայն՝ տղամարդկանց աշխարհում աղջիկների համար ավելի  բարդ  է հաղթահարել դժվարությունները։  9-ամյա Էմիլիայի համար առայժմ միակ դժվարությունը մաթեմատիկայի խնդիրները լուծելն է։ Բայց արդեն նկատել է աղջիկների եւ տղաների բնավորության տարբերությունները. «Մեր բակի տղաներն էլ են կոպիտ, դասարանինն էլ»,-ասում է նա: Բայց ոչինչ չի խանգարում երազել եւ հավատալ, որ  ցանկություններն իրականություն են դառնում։ «Ես ուզում եմ դառնալ դերասանուհի եւ ատամնաբույժ: Որովհետեւ ես սիրում եմ  ինչ-որ դերեր խաղալ»: 14-ամյա Ժաննան թեեւ հաճախում է երգի, նկարչության խմբակների, բասկետբոլի դասերի եւ Թումո կենտրոն, սակայն երազանքը  բժշկուհի դառնալն է: Դժվարություններ կան, ինքն էլ գիտի, բայց դրանք առայժմ իր կողքով են անցնում՝ շնորհիվ ծնողների, որոնք աջակցում են  նրան բոլոր հարցերում։ Ընկերների մեծ մասը աղջիկներ են։ «Պետք է տղաների հետ էլ ընկերություն անես, որպեսզի հասկանաս իրենց մտածելակերպը ինչպես է, աղջիկներինը՝ ինչպես, տարբերություններն ու նմանությունները գտնես»,-նշում է նա: Սեպտմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 478 երեխա՝ 242 տղա, 236  աղջիկ:  Բայց  Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը շարունակում է  լուրջ խնդիր մնալ: Դրա արդյունքում աղջիկների եւ տղաների թվի հարաբերակցությունը խիստ խախտված է. 100 աղջկա դիմաց մեր երկրում ծնվում է 113-114 տղա, մինչդեռ նորմալ հարաբերակցությունը 100 աղջկա դիմաց 102-106 տղան է: