Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նորք» հոգեբուժական կենտրոնի տնօրենի մրցույթի արդյունքները չեն հրապարակվում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Norq

«Նորք» հոգեբուժական կենտրոնում տնօրենի պաշտոնի համար անցկացված մրցույթը տարակարծությունների առիթ է դարձել: «Ես անձամբ հակված եմ նոր մրցույթի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը: Թե երբ կանցկացվի նոր մրցույթ, դեռ հայտնի չէ: «Մեր մոտակա պլանները Կառավարության ծրագիրն է, որը կբարձրաձայնվի ԱԺ-ում մեկ-երկու շաբաթվա ընթացքում: Դրանից հետո մենք կանցնենք էտ տիպի հարցերին», նշեց նախարարը: Սեպտեմբերի 13-ին անցկացված մրցույթի արդյունքները պետք է հայտնի լինեին առավելագույնը 5 օր անց, սակայն հանձնաժողովի նախագահ ԱՆ փոխնախարար Տիգրան Սահակյանը բողոքարկել է՝ պատճառաբանելով, որ մրցութային գործընթացում անհամապատասխանություններ կան: Արդյոք մրցույթը չեղյալ հայտարարելը պայմանավորվա՞ծ էր հաղթած մասնակցի՝ հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վաղինակ Հովհաննիսյանի անձով, որի նկատմամբ 2011թ. քրեական գործ էր հարուցվել:  «Ճիշտ նկատեցիք՝ ստորագրումը ուշանում է, այդ թվում այդ բնույթի պատճառներով»,- պատասխանեց Լեւոն Ալթունյանը: Վաղինակ Հովհաննիսյանի դեմ գործ հարուցվել է խարդախության մեղադրանքով: «Հետագայում այդ գործը հանցակազմի բացակայության պատճառով կարճվել է: Նմանատիպ հիմնարկներում միշտ էլ նման գործեր հարուցվում են, եթե կա փորձաքննություն. քննիչ է, կասկածում է եզրակացությանը, հակառակ կողմն է բողոքում՝ դեմ է եզրակացությանը: փորձագիտական հիմնարկներում նման գործեր հարուցվում են»,- վստահեցնում է «Նորք» հոգեբուժական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վաղինակ Հովհաննիսյանը: Նա բացառում է զինծառայողներին հոգեկան առողջության մասին կեղծ տեղեկանքներ տալու  լուրը, եւ վստահեցնում, թե հակառակն է՝ ՊՆ-ից իրենց մեղադրում են՝ հիվանդ զինծառայողին առողջ ներկայացնելու համար. «Մենք էլ բացատրեցինք, որ ոչ մի հակառակ գործողություն չենք անում. հիվանդը՝ հիվանդ է, առողջը՝ առողջ է»: Վաղինակ Հովհաննիսյանի մասին ՊՆ մամուլի խոսնակը  խուսափողական պատասխան տվեց: «Իր մասին մենք որեւէ դիրքորոշում չունենք. ինքը կլինի, թե Պողոսը կլինի, կարեւորը գիտական համապատասխան մոտեցումն է: Թերություն կունենա, կպատժվի օրենքի ամբողջ խստությամբ»,- ընդգծեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Առողջապահության նախարարությունից  հայտնում են, որ   «Նորք» հոգեբուժական կենտրոնում տնօրենի նոր մրցույթի մասին կհայտարարեն օրենքի պահանջին համապատասխան։