ՀՀԿ-ն բացահայտում է «հին հոգնածներին» (տեսանյութ)
Հին հոգնածներ. ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսպես է բնորոշում իր նախկին կուսակից Վիկտոր Դալլաքյանին, որը երեկ աղմուկով հեռացավ Հանրապետականից եւ Սերժ Սարգսյանի աշխատակազմի տեղակալի պաշտոնից: Համենայնդեպս, Հանրապետականը ոչինչ չի կորցրել,-ասում է խմբակցության ղեկավարը. «Ամբողջ կյանքս ատել եմ երախտամոռ մարդկանց»: Հին հոգնած բնորոշելով Վիկտոր Դալլաքյանին՝ Վահրամ Բաղդասարյանը հիշեցնում է, որ նախկին կուսակիցը սովորություն էր դարձրել Հանրապետականին անդամագրվելը եւ դուրս գալը. «Երբ որ մարդկանց ճանաչում ես շերեփուկ ժամանակից, եւ էդ տարբերությունը դու գիտես՝ ինչ կյանքով են ապրել, ումով են կայացել, եւ դա կրկնվում է»: Սակայն Վիկտոր Դալլաքյանը երեկ վստահեցնում էր, որ Սերժ Սարգսյանն է իրեն խնդրել անդամակցել հանրապետականին: Վահրամ Բաղդասարյանը կրկին ծաղրում է նախկին կուսակցին, որի ճանաչում է 45 տարի. «Երբ որ փաստերը օգտագործում ես եւ ուսումնասիրում, տեսնում ես՝ հակառակն է»: Հանրապետականի եւ Սերժ Սարգսյանի հասցեին Դալլաքյանի երեկվա հայտարարություններն, ըստ Վահրամ Բաղդասարյանի, բացատրվում են նրանով, որ անտեսված լինելով փորձել է իրեն արժեւորել: Բայց հաջորդ բնութագրումը կխնայի. «Իրեն լավություն արած նման մարդկանց վերաբերմունքը տալիս է մի բնութագիր, միայն մի բնութագիր կա, որը պարզապես ես չեմ կարող այստեղ արտահայտվել»: Ի դեպ, երեկ կուսակցություն ստեղծելու հայտ ներկայացրած Վիկտոր Դալլաքյանը չի հերքել եւ չի հաստատել, որ այդ կուսակցությանը կարող է անդամակցել նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Վահրամ Բաղդասարյանն ականջներին չի հավատում. «Սեյրան Օհանյանը պարկեշտ մարդ է...»: Ի դեպ, այն հարցին, թե հանրապետականում շա՞տ կան հին հոգնածներ, պարոն Բաղդասարյանն ասաց, որ բացահայտվում են. «Պարտադիր չի դուրս գան կուսակցությունից, կարող են մնալ նաեւ, ակնկալիքով»: