Պայմանագիրը կօգնի ԱՊՀ տարածքում պարզել կորած մարդկանց գտնվելու վայրը
Աշխատանքային օրվա վերջին այսօր ԱԺ-ն սկսեց քննարկել 2010թ. Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ անձանց միջպետական հետախուզման մասին» պայմանագիրը (կից վերապահումով): Հիմնական զեկուցողը փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն է, որը հազվադեպ է լինում ԱԺ-ում՝ որպես զեկուցող: Նա նշեց, որ այս պայմանագիրը չեն ստորագրել միայն Թուրքմենստանն ու Ուկրաինան, իսկ ՀՀ-ն՝ վերապահումով. «Պայմանագիրը բաղկացած է 15 հոդվածից, որոնք իրականացնելու են փնտրողական, տեղեկատվական-վերլուծական գործառույթներ՝ հետաքննության, նախաքննության մարմիններից խուսափող անձանց գտնելու, կալանավորելու համար: Պայմանագիրը կնպաստի ԱՊՀ տարածքում պարզել կորած մարդկանց գտնվելու վայրը, չճանաչված անձանց դիակները, ինչպես նաեւ՝ իր գտնվելու վայրը տեղեկացնելու անընդունակ մարդկանց գտնել: Այս պայմանագրով կգործի հետախուզման միասնական կարգ՝ միջպետական հետախուզման հարցը արդյունավետ լուծելու համար: Պայմանագիրը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը»: «Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբիկ Հակոբյանը հետաքրքրվեց, թե ինչ վերապահման մասին է խոսքը եւ արդյոք ադրբեջանական գործոնը բավականին ակտիվ չէ՞ նման փաստաթղթերում: Հունան Պողոսյանը նշեց, որ ՀՀ կողմից վերապահումը պայմանավորված է Ադրբեջանի պահվածքով, եւ պայմանագիրը հայկական կողմը լիարժեք չի իրագործի, քանի դեռ կա ԼՂ հակամարտության կարգավորումը. «Ցանկացած ձեւաչափերով քննարկումներին, որ մասնակցում ենք, չի եղել մի դեպք, որ ադրբեջանցիների դիրքորոշումն անցնի»: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն էլ հետաքրքրվեց, թե ինչ վիճակագրություն կա՝ միջպետական հետախուզման մեջ գտնվող քանի ՀՀ քաղաքացի կա ու ԱՊՀ տարածքում ինչ խնդիրների հետ են առնչվել, երբ փորձել են տեղափոխել ՀՀ: Հարակից զեկուցող, ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը դժվարացավ հարցին պատասխանել, փոխարենը հստակ թվեր ներկայացրեց Հունան Պողոսյանը. «Ամեն ամսվա վերջին մեզ զեկուցվում է վիճակագրություն: Ուզում եմ ասել,ո ր այս պայմանագրի պարագայում մենք շահագրգռված կողմ ենք: Անցած տարի մենք ՀՀ ենք տեղափոխել 44 անձ, այդ թվում՝ սպանություն կատարած երեք անձի, ընդ որում՝ այդ սպանությունները տասնամյակների վաղեմության են: Այս պահի դրությամբ 37 անձ ենք տեղափոխել: Հիմնական գործառույթները իրականացվում են ՌԴ գործընկերների հետ, միջպետական կոնվենցիաներով տեղափոխել ենք նաեւ Իսպանիայից, Գերմանիայից, Հոլանդիայից: Չի եղել մի դեպք, երբ մենք մեր քաղաքացուն հանձնենք, երբ նա հանցագործություն է կատարել մեկ այլ երկրում: Անցած տարի միջպետական հետախուզման մեջ գտնվող 150 անձ ենք հայտնաբերել, հանձնվել է ընդամենը 10 անձ՝ 6-ը ՌԴ, մեկական Ղազախստանի, Քուվեյթի քաղաքացիներ»: