Արամ Սարգսյանը չի բացառում ՀԱԿ-ի հետ համագործակցությունը
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը չի բացառում համագործակցությունը ՀԱԿ-ի հետ: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իրենք դաշինքներ կկազմեն այն կուսակցությունների հետ, որոնց հետ գաղափարական ընդհանրություն ունեն. «Այո՛, ես ՀԱԿ-ին համարում եմ ընդդիմադիր, «Բարգավաճն» ինքն իրեն է ոչ իշխանական համարում, եւ ինքը համագործակցել է իշխանության հետ Մարտի 1-ից հետո: Հետընտրական գործընթացներում, այո՛, «Բարգավաճից» էլ կլինեն անհատական թեկնածուներ, ովքեր պարտված կլինեն եւ կգան հրապարակ, բարով գան, այստեղ էլ խնդիր չկա: Ինչ վերաբերում է կուսակցությանը կամ կուսակցության ղեկավարությանը, իրենք, իհարկե, չեն կարող գալ, նախ չեն գա, եւ աստված չանի նորից գնան շամպայն խմելու, եթե գան էլ իրենք հարթակում տեղ չեն ունենա, որովհետեւ հանրությունը կսուլի»,-ասաց Արամ Սարգսյանը: Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Ժառանգություն» կուսակցությունների հետ դաշինք կազմելուն, ապա Արամ Սարգսյանն ընդգծեց, որ այդ կուսակցությունները Մարտի 1-ի հետ որեւէ կապ չեն ունեցել, եւ արտաքին քաղաքական, քաղաքակրթական առումով այդ կուսակցությունների մոտեցումները կամ նույնությամբ համընկնում են իրենց մոտեցումներին կամ շատ քիչ տարբերություններ ունեն: «Իհարկե, հանդիպում ենք, համագործակցում ենք, բանակցում ենք, եթե կարելի է այդ զրույցներին բանակցություն անվանել»,-ասաց նա: Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցության հետ Արամ Սարգսյանը բացառում է համագործակցությունը: «Ինքը Մարտի 1-ի համար մեկ պատասխանատուներից է, ինքն այն մարդն է, որն արդարացնում էր Մարտի 1-ի գործընթացը, իր վրա պատասխանատվությունը նույնքան է, ինչ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վրա: Իհարկե, բացառում եմ»,-ասաց նա: