Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա. Խանդոյանի պաշտպանը դիմել է կարգապահական հանձնաժողով

Քաղաքականություն
khandoyan-nkar

Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանի հարցով դիմել է Դատարանների էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողով։ Ըստ պաշտպանի՝ դատավորն ակնհայտ կոպիտ խախտում է թույլ տվել՝ հոկտեմբերի 12-ին նշանակված դատական նիստի մասին ծանուցում ուղարկելով նիստից մեկ օր ուշ։ «Դատավորն ապահովել է դատախազի ներկայությունը, սակայն չի ապահովել պաշտպանական կողմի ներկայությունը։ Դա կոպիտ խախտում է»,- ասում է պաշտպանը։ Բացի այդ՝ դատավոր Սերգեյ Չիչոյանը չի ապահովել Արարատ Խանդոյանի ներկայությունը դատական նիստին։ Պաշտպան Արա Ղարագյոզյանի գնահատմամբ՝ սա տեղավորվում է արդար դատաքննության իրավունքի խախտման տրամաբանության մեջ։ «Արարատ Խանդոյանի ներկայությունը չի ապահովվել, չնայած նրա կողմից  եղել է դիմում ներկայացված»։ Այս գործով դատական նիստը տեղի է ունենալու նոյեմբերի 1-ին։ Գործը Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից ուղարկվել է Կենտրոնի դատարան: Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը, սակայն չգիտի՝ այդ օրը նիստը մինչև վերջ տեղի կունենա՞, թե՞ կհետաձգվի։ Բանն այն է, որ Կենտրոնի դատարանը նիստի օրից 2 օր առաջ գործի նյութերը չի ուղարկել պաշտպանին։ «Պատրաստվում եմ այդ օրը միջնորդություն ներկայացնել Արարատ Խանդոյանի՝ հարազատների հետ տեսակցելու արգելքը վերացնելու համար. երեք ամիս է՝ այդ արգելքը ուժի մեջ է»։ Գործն ուղարկվել է դատարան և Արարատի հարազատները գործում որևէ կերպ ներգրավված չեն։ Պետք է վերացվի նաև զանգելու իրավունքի սահմանափակումը. «Հիմքերը վերացված են»,- հավելեց Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը։ Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբորը՝ Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «2016թ. հուլիսի 20-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգությունների ընթացքում ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է  հասցրել, քաշքշել է ոստիկանության աշխատակիցներին, ինչպես նաև փորձել է խլել  ոստիկանության ծառայողի վահանը»: Արարատ Խանդոյանն իր դեմ հարուցված քրեական գործը համարում է քաղաքական հետապնդում։